Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` այսօր` մայիսի 25-ին, Տիրանայում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է այդ զեկույցը:
«Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, եւ անտեսում են Հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»,-ասել է նա:
Դ. Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է, մասնավորապես, զեկույցի այն պնդմանը, որտեղ որպես ձախողում է ներկայացվում ընտրողների ցուցակների ճշգրտությունը:
«Ընտրողների ցուցակները հանրային դիտարկման համար տեղադրված են եղել ընտրատեղամասերում ընտրություներից 40 օր առաջ, ինչպես նաեւ դրանք հնարավոր էր ներբեռել ինտերնետից օգտվողի համար հարմար ձեւով, ինչը նաեւ համակարգչային վերլուծության հնարավորություն է ընձեռում: Յուրաքանչյուր անձ, կուսակցություն, հասարակական կամ այլ կազմակերպություն 35 օրվա ընթացքում հնարավորություն ուներ ձեւական առումով պահանջելու վարչական ընթացակարգի հարուցում` հայտնաբերված անճշտությունների վերացման համար: Վերջնական ցուցակը հրապարակվեց ընտրությունից 2 օր առաջ, եւ դա եւս կարելի էր ներբեռնել ինտերնետից:
2011-2012 թվականների ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը, որն Անակնկալի է բերել զեկուցողին, պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետով:
Ընտրողների թվաքանակի ավելացումը մինչեւ 157 հազար` ի հակառակ ժողովրդագրական ցուցանիշների նվազմանը, ինչը եւս «անակնկալի էր բերել» զեկուցողին, պայմանավորված է երեք հիմնական եւ ստուգման ենթակա գործոններով: Բայց բավական է նշել, որ ընտրելու իրավունք ունենալու տարիքին հասածների թիվը, ես ի նկատի ունեմ 1990-ից 1994 թվականների ընթացքում ծնվածներին, գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով:
Ընտրողների ցուցակների հետ կապված բոլոր այլ հարցերն, օրինակ` նույն հասցեում գրանցված ընտրողների մեծ քանակը կամ քանդված կամ երկրաշարժից վնասված շենքերում գրանցված մարդիկ, խորապես ուսումնասիրվել են եւ համապատասխանաբար մանրամասն բացատրվել իշխանության կողմից հանրային հայտարարություններում:
Իհարկե, յուրաքանչյուր երկրի համար անհնարին է վերացնել ընտրողների ցուցակներում տեղ գտած բացարձակապես բոլոր անճշտությունները: Թեեւ կարեւոր է, որ դրանք վերացվեն հնարավորինս մեծ չափով, եւ անճշտությունները չչարաշահվեն: Ընտրական օրենսգիրքը ստեղծել է չարաշահումները կանխելու ամուր հիմքեր, եթե նման անճշտությունները տեղ գտնեն ցուցակներում:
Ես պետք է տեղեկացնեմ Ձեզ, որ ոչ մի բողոք չի ընդունվել այս ընտրություններից հետո, որում նման չարաշահում էր հայտնաբերվել»,-հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է զեկույցում նշվող դիտարկմանը, թե արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին թույլ չի տրվել մասնակցել ընտրություններին, Դ. Հարությունյանն ասաց. «ՀՀ քաղաքացիների մի զգալի մաս /ներառյալ երկքաղաքացիություն ունեցողներին/ ապրում է արտերկրում: Խնդրում եմ` ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ հայկական սփյուռքն առնվազն երկու անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից: Հայաստանը չպետք է բացառի ցուցակներից արտերկրում ապրող այն քաղաքացիների անունները, ովքեր գրանցված են Հայաստանում: Որպես ներքին քաղաքականության հարց, սակայն, Հայաստանը կարող է ողջամտորեն եւ օրինական կերպով որոշել թույլ տալ իրացնելու ընտրական իրավունքները միայն երկրի ներսում: Եվ սա ամենեւին ընտրելու իրավունքի խախտում չէ: Ավելին, այս հարցի լուծումը յուրաքանչյուր պետության որոշելու հարցն է: Բայց այս հանգամանքներն ամբողջությամբ անտեսված են զեկույցում»:
Այնուհետեւ հայկական պատվիրակության ղեկավարը ներկայացրել է առաջարկություններ` ապագայի համար ԵԽԽՎ ընտրական մոնիտորինգի հանդեպ արդար միջնորդի հավաստիությունը բարելավելու համար, որը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Ես վստահ եմ, որ մեր դիտորդները երբեք չեն վերլուծել դատարանի կամ ընտրական հանձնաժողովների որոշումների իրավական հիմքերը: Այնուամենայնիվ, այս զեկույցում կարելի է գտնել արժեքավոր դատողություններ, որոնք ապավինում են այլ դիտորդների դիտարկումներին: Եթե մեր դիտորդները պետք է հիմնվեն այլ դիտորդների դիտարկումների վրա, ապա ինչու ենք մենք հանդես գալիս ԵԽԽՎ-ի առանձին զեկույցով: Իմ առաջարկը` ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի եւ զեկույց հրապարակի ինքնուրույնաբար, բայց այն պետք է հիմնված լինի ՄԻԱՅՆ իրական ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի:
2. Վստահ եմ, որ այս զեկույցը չի քննարկվել մեր մոնիտորինգային խմբի անդամների շրջանում: Ես կարդացել եմ ժամանակավոր հանձնաժողովի շատ անդամների հարցազրույցները, որոնք անհամատեղելի են այս զեկույցի հետ: Իմ առաջարկն է` զեկույցը պետք է պատրաստված լինի բաց եւ թափանցիկ ձեւով` ներառելով ժամանակավոր հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքը, այլ ոչ թե միայն պատվիրակության ղեկավարի կարծիքը:
3. Վերջերս մենք բացահայտել ենք, որ մի կին, ում ԺՀՄԻԳ-ը վարձել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը օգնելու համար, ոչ միայն կցված էր արմատական ընդդիմադիր կուսակցությանը, այլեւ նույնիսկ այդ կուսակցության մի քանի քաղաքական հեռուստագովազդներում էր նկարահանվել: Այս ընտրությունների ընթացքում մենք նաեւ մի քանի միջադեպերի վկա ենք դարձել, երբ ընտրական հանձնաժողովի ղեկավարների խոսքերը խեղաթյուրված են հրապարակվել: Դրանք ուղղակի թարգմանության սխալներ չէին, այլ միտումնավոր գործողություններ: Օգնականները եւ թարգմանիչները, ովքեր օգնում են մեր առաքելություններին, պետք է լինեն քաղաքականապես չեզոք: Մենք պետք է հատուկ ընթացակարգեր ներկայացնենք` այս բացարձակ հրամայականն ապահովելու համար»:


























