«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին անգամ քաղաքական դիրքորոշում արտահայտեց: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով կոալիցիային չանդամակցելու ԲՀԿ-ի որոշումը:
«Իմ տպավորությամբ, եթե այս ամենը խաղ չէ, միանշանակ կարելի է ողջունել այդ քայլը, որովհետեւ սա ցույց է տալիս, որ Հայաստանում սկսում է գործել նոր ներքաղաքական իրավիճակ»,- նկատել է Կարապետյանը` կարծիք հայտնելով, որ խաղ չէ:
ՆԺԿ նախագահը նշեց, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելով փրկեց իր դեմքը, քանի որ այլ շանս պարզապես չուներ: Սերժ Սարգսյանը որեւէ փոփոխության չի ուզում գնալ, ու ԲՀԿ-ն կհայտնվեր ՕԵԿ-ից ավելի վատ վիճակում, եթե գնար կոալիցիայի:
Արամ Կարապետյանը միաժամանակ չհերքեց արտաքին գործոնի դերը ԲՀԿ-ի որոշման մեջ` սակայն հրաժարումը կապեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Ծառուկյանի որոշման հետ, քանի որ նա էլ դրսում պակաս կապեր չունի:
Այդուհանդերձ, ՆԺԿ նախագահը խորհուրդ է տալիս սպասել մեկ-երկու ամիս` պարզելու արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, թե` ոչ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























