Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը միանշանակ շարունակելու է մնալ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նոր Նորքի վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը:
Հարցին, թե հետագայում ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել, նա պատասխանեց. «Ընթացքում կնայենք, տեսնենք»:
Իսկ շարունակի՞ քաղաքականությամբ զբաղվել, թե ուժերը կփորձի գործարարության ոլորտում, հարցին էլ արձագանքեց. «Ես քաղաքականությամբ զբաղվելու եմ: Իմ մեջ որեւէ բան չի փոխվել, ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ, մնալու եմ եւ իմ կուսակցական գործունեությունը շարունակելու եմ»:
Մելիք Գասպարյանը հավաստիացրեց, որ իր անձնական գործերից ելնելով է հրաժարականի դիմում ներկայացրել: « Դա նեղ անձնական է եւ, եթե կարելի է այդ մասին չխոսենք»:
Դիտարկմանը, թե ճիշտ չե՞ն տեղեկությունները, որ հրաժարականի դիմումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Նոր Նորքի վարչական շրջանում ստացած քվեներով զիջել է ԲՀԿ-ին, նա նշեց. «Ինձ առաջադրանք եղել է, ու ես մի բան էլ ավելի հավաքել եմ: Ճիշտ է, ԲՀԿ-ն մեզ մոտ 1-ին տեղը գրավեց, բայց դա հրաժարականի հետ որեւէ կապ չունի»:
Նշենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը:


























