ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանը նոր արտադրամաս է հիմնել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գոհար Ենոքյանը եւ ավելացրեց, որ խոսքը կարի արտադրամասի մասին է: Նրա խոսքով, «Գարուն» կարի ֆաբրիկայի տարածքն ինքը վարձով է հանձնել, սակայն տվյալ հատվածում, այլ տարածք էլ է ունեցել եւ որոշել է իր համար արտադրամաս բացել:
Նրա խոսքով, արտադրամասը շատ մեծ չէ` 30-34 աշխատող է տեղավորվում: Հարցին, թե ինչ հագուստներ են արտադրում եւ արտերկրի հետ համագործակցություն կա, թե` ոչ, նա պատասխանեց. «Դեռեւս Վրաստանի հետ ենք համագործակցում: Ներկա պահին դեռ միայն զինվորականի հագուստ ենք արտադրում: Իսկ հետագայում արդեն տարբեր հագուստներ կլինեն: Այսինքն` այս վայրկյանին զինվորական է, հետո կլինի ուրիշ, հետո ուրիշ: Կարեւերը, որ չգործող տարածքը աշխատացնում եմ եւ նոր աշխատատեղեր եմ ստեղծել: Նախկինում տարածք կար, սակայն անգործ էր, որովհետեւ ես պատգամավոր էի, բայց հիմա արդեն այդ խնդիրը չկա»:
Գոհար Ենոքյանը եւս մեկ բիզնես ծրագիր ունի, որի մասին դեռեւս չցանկացավ խոսել, սակայն խոստացավ, որ կյանքի կոչելու դեպքում անպայման կկիսվի նոր բիզնեսի գաղափարով:




























