Ստամբուլի Գեդիկփաշայի Ավետարանչական եկեղեցում գտնվող անօրինական դպրոցը, որտեղ կրթություն են ստանում հայաստանցի ներգաղթյալների երեխաները, սովորական ռեժիմով շարունակում է գործունեությունը (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Ստամբուլից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը նշեց, որ իրեն բազմաթիվ ծանոթներ են զանգահարել՝ շեշտելով, որ թուրքական մամուլում տեղեկություն է հայտնվել, թե Ստամբուլի նահանգապետարանից պաշտոնյաներ այցելել են եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելի Աղաբաօղլուին՝ պահանջելով փակել ներգաղթյալ հայաստանցի երեխաների համար գործող անօրինական դպրոցը:

Տիկին Ավագյանը շեշտեց, որ ինքը անմիջապես կապնվել է Գրիգոր Պատվելիի հետ՝ հայտնելով այս ամենը, սակայն Պատվելին զարմացել է այս տեղեկության վրա՝ նշելով, որ նման բան չի եղել, նահանգապետարանից ոչ ոք իրեն չի այցելել եւ դպրոցի փակման պահանջ չի ներկայացրել: Տիկին Ավագյանի խոսքով՝ Պատվելին ասել է, թե իրեն Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը կից մի կառույցից դեռեւս 7 ամիս առաջ են այցելել եւ ուղղակի հետաքրքրվել, թե այն դեպքում, երբ թուրքական կառավարությունը թույլատրեց Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաներին այցելել Ստամբուլի հայկական դպրոցներ եւ ստանալ վկայական, ինչու են այդ երեխաները շարունակում հաճախել անօրինական դպրոց:

Տիկին Ավագյանն իր հերթին նշեց, որ չնայած թուրքական կառավարության որոշմամբ թույլատրվել է հայաստանցիների երեխաներին այցելել Ստամբուլի հայկական դպրոցներ, շատերը խուսափում են իրենց երեխաներին ուղարկել այդ դպրոցները, քանի Ստամբուլի հայկական դպրոցներում ուսանում են թուրքական ծրագրով, իսկ իրենց մոտ դասավանդումը կազմակերպվում է հայաստանյան կրթական համակարգին համահունչ եւ Հայաստանից բերված դասագրքերով, ինչպես նաեւ շատ ծնողների համար իրենց դասաժամերը շատ հարմար է:

«Նման այցը մեզ համար անսպասելի չէր, սակայն չենք ցանկանում, որ քաղաքական նպատակների համար երեխաները թիրախ դառնան»,-ամփոփեց տիկին Ավագյանը:

Մի քանի ծնողներ նշեցին, որ խուսափում են իրենց երեխաներին ուղարկել Ստամբուլի հայկական դպրոցները, քանի որ բացի այն հանգամանքից, որ այնտեղ ուսուցումը թուրքական ծրագրով է, կա անհանգստություն, որ կարող է այդպես իրենք հայտնվում են  ուշադրության տակ եւ ամեն պահի իրենց կարող են արտաքսել Թուրքիայից, քանի որ անօրինական են գտնվում Թուրքիայում:

Դպրոցի ստեղծման աշխատանքները 2003-ին նախաձեռնել է ստամբուլահայ Ալեքս Ուզուրօղլուն՝ Հերիքնազ Ավագյանի հետ։  Նրանք դպրոցի համար տեղ հատկացնելու խնդրանքով այն ժամանակ դիմել են Պոլսո Հայոց պատրիարքարան եւ մերժում ստացել։  Հայաստանցի երեխաների կրթության մասին մտահոգվել եւ նրանց տեղ է հատկացրել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելի Աղաբալօղլուն:

Նախորդ տարի դպրոցում եւ դպրոցի ներսում գործող մանկապարտեզում սովորում էր 60, իսկ 2012-ի դրությամբ՝ 84  երեխա: