Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանի հետ:
Պարոն Զաքարյան, ԲՀԿ-ն հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց, այսինքն չի՞ կարելի ասել, որ ՀԱԿ-ը չէր սխալվել իր հաշվարկներում եւ կարողացավ սեպ խրել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում:
Ես չեմ հավատում այն իրավիճակին, որը ստեղծվել է կոալիցիայի շուրջ, չեմ հավատում նաեւ այն խոսակցություններին, թե խորը հակասություններ կան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:
Ձեր նախկին համախոհները (ՀԱԿ-ը) կարծես ողջունեցին ԲՀԿ քայլը, Դուք Ձեր տեսակետն ինչպե՞ս կհիմնավորեք:
Դե, ՀԱԿ-ի նման քայլը տարօրինակ չէ, ՀԱԿ-ը վերջին շրջանում կարծես թե դարձել է ԲՀԿ-ի PR-ն իրականացնողը: Այս առումով ոչ զարմանալի է, ոչ տարօրինակ: Իսկ ես հակված եմ, որ ԲՀԿ-ի քայլն իրականում միտված է 2013թ. նախագահական ընտրություններին:
Ուզում եք ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածության արդյունքո՞ւմ են ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ ուղարկում կամ հեռացնում իշխանականից:
Ես կասեի՝ կառուցողական եւ կառավարելի ընդդիմադիր դաշտ, որը, հակիրճ ասեմ, պարզապես շատ օգտակար է լինելու ՀՀԿ-ի համար 2013թ. նախագահական ընտրություններին:
Այսինքն բացառո՞ւմ եք, որ 2013-ին ընդդիմադիր դաշտը, այդ թվում ԲՀԿ-ն, կարող է սատարել միասնական թեկնածուի եւ հասնել իշխանափոխության: Եվ որքանո՞վ եք հավանական համարում ՀԱԿ-ԲՀԿ հետագա համագործակցությունը:
Ես կանխատեսումներ չեմ ուզում անել: Ինձ համար, անգամ քաղաքականության մեջ, շատ կարեւոր է հարցերը բարոյական հարթությունում դիտարկելը: Ինձ համար անընդունելի է երկրում ստեղծված իրավիճակում, Մարտի 1 իրագործածների հետ համագործակցել, ինչ-որ ֆորմատներ ստեղծել: Ի վերջո այս իրավիճակի համար ինչքան ՀՀԿ-ն է պատասխանատու-մեղավոր, նույնքան կոալիցիոն մյուս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ կույրաղիքը՝ ՕԵԿ-ը: Հիմա մեկին առանձնացրել են երկուսից, սրբի պսակ են դրել այդ մեկի գլխին, այդքան էլ ճիշտ չէ:
Ձեր նախկին համախոհները հայտարարում էին, որ դա քաղաքական շահ է հետապնդում, եւ քաղաքականության մեջ բարոյականությունը չի կարող ուղենիշ լինել:
Ոչի՞նչ, որ այդ քաղաքականության արդյունքում 10 մարդ է զոհվել, եւ այդ զոհերի հարազատներին եթե ոչ իրավական, ապա բարոյական առումով պատասխան տալու խնդիր կա, իսկ, կներեք, կոալիցիոն որեւէ կուսակցության հետ համագործակցելը խոսո՞ւմ է բարոյականության տրամաբանության հարթությունից:




























