Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այսօր` մայիսի 30-ին, ժամը 16.00-ից մեկնարկել է նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: NEWS.am-ի թղթակիցը ԿԸՀ-ից հաղորդում է, որ արդեն մանդատներ են ստացել Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները: Արարողությանը ներկա չէին ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երկու համարները զբաղեցնողները` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հանդիսավոր միջոցառումից կես ժամ անց դեռ չկային ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի պատգամավորները: ՀՅԴ-ից եկել էր միայն Արմեն Բաբայանը, ով պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղ են մնացած պատգամավորները, նշեց, ով բացարձակապես տեղյակ չէ:
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված գեներալ Մանվել Գրիգորյանը, NEWS.am-ի թղթակցի հարցին, թե կարելի՞ է ձեզ հարց տալ, պատասխանեց. «Աբսալյուտնի չէ»:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:




























