Լավին լավ ենք ասելու, վատին վատ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու հանգամանքը:
«Շատ նորմալ, շատ դրական ենք աշխատելու, լավին լավ ենք ասելու, վատին վատ»,- նշեց նա` հավելելով, թե չի կարծում, որ իշխանությունները ճնշումներ բանեցնեն ԲՀԿ-ի նկատմամբ. «Չեմ կարծում: Ինչի՞ համար»: Նա նաեւ բացառեց արտահոսքի հնարավորությունը «Բարգավաճ Հայաստանից»:
Խոսելով մայիսի 30-ին Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ կայացած խմբակցության նիստի մասին` Մուշեղ Պետոյանը նշեց, թե նիստին քննարկվել են տեխնիկական հարցեր, թե ով որ հանձնաժողովում է լինելու: Պետոյանը չի մասնակցել նիստին, քանի որ ուշացած է գնացել եւ տեղյակ չէ քննարկման արդյունքներից:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, թիվ 34 ընտրատարածքից ընտրված Մարտուն Գրիգորյանն իր հերթին նշեց, թե իրենց համար ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալը որեւէ խնդիր չի հարուցի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ ոք չի կարող ճնշել»,- նշեց նա: Իսկ խմբակցության նիստի վերաբերյալ Գրիգորյանը նշեց, որ լինելու է կրթության հանձնաժողովում:




























