Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը խորհրդարանում կուսակցության աշխատասենյակում հանդիպել է հայ եւ թուրք լրագրողների խմբի հետ, պատասխանել հարցերին:
Ինչպես Անկարայից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Հասիփ Քափլանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը պատգամավոր է ընտրվել Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահագից, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են: Նա ասաց, որ իրենց գյուղի դիմաց է հայկական գյուղ է եղել, սակայն 1990-ականներին քուրդ զինյալների եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ սաստկացած բախման հետեւանքով ստիպված լքել են իրենց բնկավայրը:
Քափլանի խոսքով՝ այդ շրջանում չկա գեթ մեկ ընտանիք, որի մի անդամը չլինի լեռներում (PKK-ի անդամ-խմբ), կամ բանտում, կամ էլ՝ զոհված լինի թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով: «Բացի այդ, այդ շրջանից ընտրված եւս 3 քուրդ պատգամավոր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով գտնվում են բանտում: Միայն Շրնաք նահանգից բանտում է գտնվում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 700 անդամներ, իսկ ամբողջ Թուրքիայում այդ թիվն անցնում է 8 հազարը, որնց մեջ են 6 պատգամավոր եւ 32 քաղաքապետ:
Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Այն իր ձեռքն է վերցրել դատաիրավական համակարգը: Այդ կուսակցությունը վերածվել է ազգայնական եւ ֆաշիստական կուսակցության»,-նշեց Քափլանը:
Հայ լրագրողի այն հարցին, թե ինչ իմաստ ունի խորհրդարանում գտնվելը, երբ իրենց քիչ քանակով չեն կարող ընդունվող օրինագծերի վրա ազդեցություն ունենալ, Հասիփ Քափլանը պատասխանեց, թե իրենք Թուրքիայի խորհրդարանում տաբուներ են կոտրել՝ խորհրդարանում բարձրացնելով տարբեր արգելված թեմաներ, այդ թվում՝ Հայկական հարցը:
«Թեեւ ճնշումներին, մենք տաբուներ ենք կոտրում: Մեր ցուցաբերած կամքի շնորհիվ մեզ հետ հանդիպում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Մենք միակ քաղաքական ուժն ենք խորհրդարանում, որը ընտրությունից ընտրություն տոկոսային լուրջ տոկոսային աճ է ապահովում: Եթե 2007-ին խորհրդարան մտանք 20 պատգամավորով, ապա՝ 2011-ի ընտրությունների արդյունքում ապահովեցինք 35 պատգամավորի ներկայություն: Քաղաքպետերի ընտրություններում եւս լուրջ աճ ենք գրանցում: Եթե նախկինում ունեինք մինչեւ 50 քաղաքապետ, հիմա նրանց թիվը 100 է»,-ասաց քուրդ գործիչը:
Անդրադառնալով այն պնդումներին, թե Թուրքիան ժողովրդավարության առումով առաջընթաց է գրանցել եւ մի թե 10 տարի առաջ քուրդ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում կզրուցեր հայ լրագրողների հետ, Քափլանն ավելացրեց. «10 տարի առաջ ավելի հանգիստ կզրուցեինք: Թուրքիայում ոչինչ չի փոխվել:
Հասիփ Քափլանի հետ հանդիպումից հետո հայ լրագրողները մտան խորհրդարանի նիստերի դահլիճ եւ որոշ ժամանակահատված հետեւեցին քննարկումներին: խորհրդարանում այդ պահին քննարկվում էր ավիաուղիների աշխատակիցներին գործադուլի իրավունքից զրկելու օրինագիծը: Քիչ առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպում անցկացրած Հասիփ Քափլանը խորհրդարանի ամբիոնից խիստ քննադատության ենթարկեց օրինագիծը՝ պնդելով, որ եթե աշխատակիցն իրավունք չունի գործադուլ անելու, ապա ինչ իմաստ ունեն արհմիությունները:
Հասիփ Քափլանը ամիսներ առաջ աչքի էր ընկել մի արարքով, որը երկար ժամանակ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում էր: Խորհրդարանական նիստերից մեկի ժամանակ իշխող կուսակցության պատգամավոր Նուրեթին Ջանիքլին Հասիփ Քափլանին անվանել էր իրավաբանական ահաբեկիչ: Ամբիոնին մոտեցած Հասիփ Քափլանը պահանջել է իրեն վիրավորելու համար ներողություն խնդրել, որից հետո կոտրել է ամբիոնին դրված ջրով բաժակը, իսկ կտորները նետել դիմացի շարքում նստող իշխող կուսակցության պատգամավորների կողմը։




























