Վարաձորի «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը հանդես է եկլ հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ընդամենը 2 օր առաջ ստեղծված «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպության հայտարարությանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ըստ «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպության հայտարարության, կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ-ի մայիսի 29-ին եւ առաջին իսկ նիստից հետո հանդես է եկել մայիսի 25-ին համացանցում տեղադրված «Բնության հաշվեհարդար» ֆիլմի եւ հեղինակ  Թեհմինե Ենոքյանի հասցեին ուղղված քննադատությամբ, նաեւ՝ ֆիլմը համացանցից հանելու պահանջով: Ըստ կազմակեպության,  ֆիլմն իբր հերյուրանքներ եւ ապատեղեկատվություն է տարածում Թեղուտի հանքի շահագործման եւ դրա հետեւանքների մասին:

Բացի այն, որ ընդամենը մեկ օրվա պատմություն ունեցող կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում խոսել վանաձորցի երիտասարդների անունից, հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հկ-ի ներկայացուցիչները ֆիլմի հեղինակից պահանջում են ներողություն խնդրել հատկապես Վանաձոր քաղաքի երիտասարդներից, կարծես Թեղուտի հարցը վերաբերում է միայն վանաձորցի երիտասարդներին, եւ ոչ մի դեպքում, ասենք, մեծահասակներին կամ երեխաներին, էլ չենք խոսում Հայաստանի հանրապետության մյուս մարզերում բնակվող քաղաքացիների մասին:

Ցանկանում ենք «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպության անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Թեղուտի հանքի շահագործումը միայն վանաձորցի երիտասարդների խնդիրը չէ: Այն իր մեջ ներառում է մի շարք իրավական, տնտեսական եւ քաղաքական հարթություններ, եւ մեզանից յուրաքանչյուրն, ով իրեն համարում է ՀՀ քաղաքացի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ոչ միայն իրավասու է, այլեւ պարտավոր է հետամուտ լինել երկրում կատարվող յուրաքանչյուր անօրինականության եւ անարդարության բարձրաձայնմանն ու դրա դեմ պայքարին:

Տարօրինակը ոչ թե Թեհմինե Ենոքյանի ջանքերն են՝ «ապակողմնորոշելու» վանաձորցի երիտասարդներին, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տվյալ դեպքում՝ վերոհիշյալ հկ-ի դիրքորոշումն ու խորհուրդը երեւանցի երիտասարդներին՝ «քիթը չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով»:

Հարգելի՛ հկ, Թեղուտի հարցը միայն լոռեցիների խնդիրը չէ. խնդիրը կարեւոր է եւ այժմէական՝ ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների, այլ, անգամ, Կովկասյան տարածաշրջանում բնակվող յուրաքանչյուրի համար: Ցավալի է, որ նման վիթխարի նշանակության խնդրի կապակցությամբ  մարդկանց տարբերակում եք ըստ մարզերի կամ քաղաքների:

Խորապես համոզված ենք, որ քաղաքացիական հասարակության կարեւորագույն գործառույթներից մեկն էլ հենց  այն է, որ ժողովրդի ձայնը հասանելի դարձնի իշխանություններին, պահանջի նրանից իրականացնել օրինական գործողություններ եւ հետամուտ լինի օրենքի կիրառմանը, ոչ թե ակամա (գուցե կամա) աջակցի իշխանությունների եւ օլիգարխիկ կլանների կողմից իրականացվող իրավախախտումներին, քանզի Թեղուտի հանքի շահագործման հարցում ՀՀ իշխանությունները խախտել են ՀՀ Սահմանադրությունը, մի շարք օրենքներ եւ միջազգային համաձայնագրեր (մանրամասն՝ տես «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, «Թեղուտի հանքարդյունաբերության ծրագրի իրավական խախտումները» հայտարարության տեքստում.):

Ի դեպ, նշենք, որ Թեհմինե Ենոքյանի հետ անձնական ծանոթություն չունենք, սակայն ողջունում ենք վերջինիս նախաձեռնությունը՝ խնդիրը բարձրաձայնելու, հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ նման լուրջ եւ հրատապ խնդրի վրա հրավիրելու համար»: