Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին նիստից դուրս գալիս, ԱԺ դարպասների մոտ պատգամավոր Ռուբեն Հայարապետյանին մոտեցել են խաղաղ պայմաներում զոհված զինծառայողների ծնողները եւ նրան ներկայացրել իրենց խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական բանակում զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Նա նշեց, որ 2011թ-ին սեպտեմբերի 30-ի ԱԺ ներկայացուցիչերը պետք է հարցում անեին իրենց որդիների քրեական գործերով պատկան մարմիններին ու այդ փաստաթղթերը իրենց փոխանցեին: Ծնողները տեղեկացել են, որ ԱԺ-ն այդ փաստաթղթերը ստացել է, սակայն իրենց այդ փաստաթղթերը չեն տրամադրում, դրա համար էլ գնացել են ԱԺ դարպասների մոտ, որ Սամվել Նիկոյանին հանդիպեն, սակայն չի հաջողվել: Փոխարենը պատահաբար հանդիպել են Ռուբեն Հայրապետյանին:

«Նկատելով, որ մուտքից դուրս է գալիս Ռուբեն Հայրապետյանը, ինքս անձամբ մոտեցել եւ ներկայացրել եմ խնդիրը: Նա մեքենա էր նստում եւ հենց մեքենայի մոտ լսեց մեզ, ասելով. «Բարի, ես կփոխանցեմ»:

Հարցին, թե ինչպիսին էր Ռուբեն Հայրապետյանի արձագանքը, երբ լսում էր իրենց որդիների հետ կապված պատմությունը, ծնողները փոխանցեցին, որ Ռուբեն Հայրապետյանի լեզուն չի պտտվել, ինչ-որ բան ասել: Իսկ Անահիտ Մկրտչյանը մանրամասնեց. «Դե շատ զարմացական, դժգոհ էր արձագանքը: Բոլոր դեպքերում խանդավառված չէր, որովհետեւ ողբերգության մասին էր լսում  ու համարժեք էր իր կեցվածքը»:

Ռուբեն Հայրապետյանը ծնողներին փոխանցել է, որ ինքը լինելու է Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, որից հետո կարող են դիմել իրեն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի