2012թ. հունվար-մարտին Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 148.7 մլն. դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.9%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ներդրումների հիմնական մասն (մոտ 45%-ը) իրականացրել են 3 պետություններից` Ռուսաստան, Շվեյցարիա եւ Ֆրանսիա:

Ռուսաստանը վերջին տարիներին հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր ներդրումներ իրականացնողը: Այս տարվա առաջին եռամսյակում ռուսական ներդրումները կազմել են 26.6 մլն դոլար: Դրա մեծ մասն ուղղվել է հեռահաղորդակցություն` մոտ 22.8 մլն դոլար: Նշենք, որ ռուսական կապիտալով են աշխատում Հայաստանի 3 օպերատորներից երկուսը` «ԱրմենՏելը» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Առաջին անգամ Հայաստանում որպես խոշոր ներդրող հանդես է գալիս Շվեյցարիան: Այս երկիրը ներկայացնող «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ»  ընկերությունը 20.5 մլն դոլար է ներդրել Կոտայքի մարզի Արտավազ գյուղում ջրերի շշալցման գործարան կառուցելու համար: Իրականում այդ ընկերության սեփականատերը Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին է:

Ֆրանսիան իրականացրել է 20.4 մլն դոլարի ներդրում, որից 17.1 մլն դոլարը` հեռահաղորդակցության ոլորտում:

Ընդհանուր առմամբ` օտարերկրյա ներդրումների 30.7 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում, 28.9%-ը` հանքարդյունաբերության: