Կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթի մթերման գինը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո 150 դրամից (1լիտրի համար) իջեցրել են մինչեւ 110 դրամ, իսկ հունիսի 1-ից այն կդառնա 100 դրամ: Այդ մասին NEWS.am-ին ասացին մի խումբ գյուղացիներ, որոնք մայիսի 31-ին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` ակնկալելով գործադիր իշխանության աջակցությունը: Նրանք հիմնականում Գեղաշեն գյուղի անասնաբուծական ֆերմաների տերերն էին, թեեւ ասում էին, որ եկել են նաեւ Կոտայքի մարզի այլ գյուղերից (Զովք, Զառ եւ այլն): Հավաքվածների խոսքով` վերամշակողները կաթի գինն իջեցրել են ընտրություններից անմիջապես հետո:
«Անցյալ տարի կաթի գինը բարձրացավ մինչեւ 180 դրամ, շատերս վարկ վերցրինք` անասուն գնեցինք: Բայց այս գնով վարկը փակել չենք կարող, 1 լիտր կաթը նույնիսկ կես լիտր թանի արժեք չունի»,- ասաց գյուղացիներից մեկը: Մյուսն էլ սպառնաց, որ կաթը կբերեն կթափեն հենց կառավարության շենքի առջեւ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի:
Այս հարցով NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանից:
Նրա խոսքով` գյուղատնտեսության նախարարությունը տարեսկզբին հորդորել է վերամշակողներին` մթերվող կաթի գինը չիջեցնել 150 դրամից, սակայն նախարարությունը պարտադրել չի կարող: Գ. Ղազարյանը տեղեկացրեց, որ ներկայումս կաթը մթերում են լիտրը 110-130 դրամով, ինչն այս սեզոնի համար նորմալ է: Ըստ Գ. Ղազարյանի` կաթի արտադրության միջին ինքնարժեքը Հայստանում մոտ 70 դրամ է, ուստի անգամ 110 դրամով վաճառելու դեպքում գյուղացին մոտ 40 % շահութաբերություն ունի:
«Ամբողջ խնդիրն այն է, որ կաթի գինն անցյալ տարի աննորմալ աճեց` հասնելով մինչեւ 180 դրամի: Մինչ այդ երբեք ձմռանը կաթի գինը չէր գերազանցել 140 դրամը, իսկ ամռանը կազմում էր 80-100 դրամ: Կաթը թանկացավ, որովհետեւ անցյալ տարի Ռուսաստանը սկսեց պանիր ներմուծել, ու բոլոր պանիր արտադրողները սկսեցին մեծ քանակությամբ պանիր արտադրել: Բայց հետո Ռուսաստանը փակեց այդ ներմուծումները, ու պահեստներում մնացորդային պանիր է կուտակվել, ու կաթի նկատմամբ պահանջարկը նվազել է»,- ասաց Գ. Ղազարյանը:
Գյուղնախարարության պաշտոնյայի կարծիքով` մթերվող կաթի ներկայիս գինը նորմալ է:




























