Հստակեցվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը տրվող նախարարությունները: ՕԵԿ-ին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից բացի` նրանց տրվելու է Քաղաքաշինության նախարարությունը: Եթե Սերգո Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել գյուղնախարարի պաշտոնում, իսկ Արմեն Երիցյանը` որպես ԱԻՆ ղեկավար, ապա դեռեւս հստակ չէ, թե ով կլինի քաղաքաշինության նախարար:
Բանն այն է, որ ՕԵԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվածները չեն ցանկանում գնալ գործադիր, քանի որ չեն ցանկանում լինել 6 ամսվա նախարար, եթե կարող են լինել 5 տարվա պատգամավոր: Չի սպասվում նույնիսկ Իշխան Խաչատրյանի` այդքան շրջանառվող ինքնաբացարկի դիմում գրելը եւ գործադիր գնալը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ՕԵԿ-ում քաղաքաշինության նախարար նշանակվելու ամենահավանական թեկնածուն Արայիկ Հայրապետյանն է` «Լավանդայի Արայիկը»:
Իսկ կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող Նելսոն Զուլոյանը եւ Դավթի Կարապետյանը առայժմ աշխատանքի են անցնելու գործադիրում, սակայն շարունակելու են մնալ համամասնական ցուցակում: Առաջիկա օրերին հայտնի կլինի, թե կոնկրետ ինչ պաշտոններ են զբաղեցնելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ:
Հիշեցնենք, որ մինչեւ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գործող կոալիցիայի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիայի ստեղծումը:
Նշենք, որ ՕԵԿ-ն ընտրություններում ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից միայն 5-ն էլ լինելու պատգամավոր:
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակվել էր ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, որի առաջին 10 հորիզոնականներում հետեւյալ անձինք են.
1. Բաղդասարյան Արթուր Վահանի
2. Բիշարյան Հեղինե Վաչեի
3. Երիցյան Արմեն Հենրիկի
4. Կարապետյան Սերգո Վաչագանի
5. Հարությունյան Խաչիկ Արամայիսի
6. Շահգելդյան Մհեր Լեւոնի
7. Խաչատրյան Իշխան Միշայի
8. Թադեւոսյան Սամվել Գեորգիի
9. Զուլոյան Նելսոն Նորայրի
10. Կարապետյան Դավիթ Անդրանիկի


























