ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքն է ուղղել միջոցառման մասնակիցներին եւ  առանձին հանդիպում ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների եւ լրատվամիջոցներ:

Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուրը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»: 

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին է հանձնել «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», - ասել է Ալեքս Սարդարը: 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», - ասել է դեսպան Էյվզը:

Լրատվամիջոցների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին եւ Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր է ասել նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն  ուղղված քարոզչության համար մրցանակ է հանձնել բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին եւ Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի եւ վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարեւոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաեւ Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», - ասել է դեսպան Հրիստեան: