Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր` հունիսի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով պարգեւատրված բրիտանահայ գրող, լրագրող Ասատուր Գյուզելյանին է հանձնել «Մովսես Խորենացի» մեդալը` Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության եւ գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Նա ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս եւ դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, գրական պատմաբանասիրական ուսումնասիրությունների…:
«…մեծ հայրենասեր Ա.Գյուզելյանն իր կյանքի 80 տարիների պատկառելի մասը նվիրել է հայոց պատմությանը, մշակույթին եւ գրականությանը», «…մարդ ով իր ամբողջ գրական կյանքը նվիրել է հայապահպանությանը»,- նշել էՀակոբյանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար Ա.Գյուզելյանը հիացմունքով ավելացրել է. «Պատմության մեջ քիչ անգամ է, որ ճիշտ անձը, ճիշտ ժամանակին, ճիշտ պաշտոնին նշանակված լինի»:
Հարկ է նշել, որ 2012թ. մարտի 27-ին Ա.Գյուզելյանը պարգեւատրվել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` հայ գրականությանը, մշակույթին, նոր սերնդի հայեցի դաստիարակությանը, հայ ժողովրդին եւ Հայաստանին մատուցած 60-ամյա ծառայության համար:




























