Հայաստանը գնահատում է Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենի (նստավայրը` Կիեւ) հետ հանդիպմանը: Դանիայի դեսպանն այսօր իր հավատարմագրերն էր հանձնում Հայաստանի նախագահին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը նշել է, թե Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: «Մենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական աշխուժացում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանի համոզմամբ` ի լրումն երկկողմ հարաբերությունների, Հայաստանը եւ Դանիան փոխգործակցության տեսանելի հեռանկարներ ունեն նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում:
Դեսպան Միքայել Բորգ-Հանսենը, որպես տնտեսության բնագավառում գործակցության հնարավոր ուղղություններ, նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման ու օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի եւ կարող է օգտակար լինել:
Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է:




























