Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Գոհարիկ Ենոքյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուզաննա Առաքելյանը, Լիլիթ Գալստյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եւ Բրիտանական խորհրդի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության ծրագրերը: Խորհրդակցության մասնակիցները համաձայնել են, որ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներն ապահովելու, ինչպես նաեւ նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ ԱԺ նախագահին առընթեր ստեղծել կանանց հարցերով խորհրդատվական միջկուսակցական մարմին: Քննարկվել են այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ապահովելու բնագավառում միջազգային փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:




























