Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դեկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել եւ ցավ հայտնել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներսում կատարվածի առնչությամբ:

«Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը և կուսակցության կանոնադրությանը հակասող որևէ զարգացում»,- նշել են ՀԱԿ պատասխանատուներն ու հավելել. «Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը և կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների և կանոնադրական պահանջների շրջանակում»:

Իսկ մինչ այդպիսի լուծումը՝ Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ հնչակյաններ՝ Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի դրդմամբ, արտահերթ, դռնփակ համագումար են անցկացրել Ծաղկաձոր հանգստավայրում, ապա հայտարարել, թե կուսակցությունը նոր ղեկավար կազմ եւ ատենապետ ունի: