Երեւան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների եւ նախագծերի մշակման նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են հանրապետության անվանի ճարտարապետներ եւ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:

Սույն թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Երեւան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վարչապետը, նշելով  Երեւանի կենտրոնի կառուցապատման կանոնակարգմանն ուղղված խնդիրների լուծման այժմեականությունը, ներկաների ուշադրությունն է հրավիրել  գործընթացի իրականացման թափանցիկության, ինչպես նաեւ  ընթացակարգերի ընդունման շուրջ մասնագետների եւ հանրության փոխհամաձայնության ձեռքբերման անհրաժեշտության վրա:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կարեւոր է համարում բնակչության մասնակցությունը Երեւան քաղաքի «Փոքր կենտրոնի» քաղաքաշինական խնդիրների օրենսդրական կարգավորման հարցում:

Խնդրի վերաբերյալ առաջարկությունները կարող  եք ներկայացնել աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյաին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Ներկայացված առաջարկությունները կտեղադրվեն նախարարության կայքում: