ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք «Առավոտի» հետ զրույցում խնդրեցին իրենց անունները չհրապարակել, նորընտիր պատգամավորին հարց ուղղեցին, թե «ինչո՞ւ է գործարանն ամբողջ տարվա ընթացքում աշխատում ընդամենը 3 ամիս, իսկ մնացած ամիսներին անգործության է մատնված: Մարդիկ ինչպե՞ս պահեն իրենց ընտանիքները»:

Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ շաքարի հումք ստանալու դեպքում էլ, մարդկանց աշխատեցնում են պայմանագրում նշված աշխատաժամից մի քանի ժամ ավելի, ինչի համար գործատուն չի վարձատրում:

Շաքարի գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում հիշեցրեց, թե 2 տարի առաջ, երկրի նախագահից սկսած մինչեւ մարզպետ, գյուղնախարար, գործարանի բացման ժամանակ ինչ խոստումներ են տվել` վստահեցնելով, որ ոչ միայն աշխատատեղեր կբացվեն, շաքարավազը կէժանանա, այլեւ` պարապուրդի մատնված գյուղացիները ճակնդեղի արտադրություն կհիմնեն` գործարանին հումք մատակարարելու համար, սակայն այսօր, «ոչ շաքարավազն է էժանանում, գյուղացու ցանած ճակնդեղն էլ գրեթե ինքնարժեքով է իրացվում, աշխատակիցներն էլ ամիսներով պարապ են մնում»:

Աշխատակիցների դժգոհության առիթով, այս գործարանի որեւէ պատասխանատու անձից մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ: Հեռախոսազանգերին ի պատասխան, Էդիկ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն գործարանի նախկին տնօրեն է եւ որեւէ կապ չունի շաքարի գործարանի հետ: Գործարանի հետ կապ ունեցող այլ անձանց բջջային հեռախոսներն էլ պարզապես անջատված էին: