Ինչպես պարզեց NEWS.am-ի թղթակիցը հայ պատգամավորների հետ զրույցներում, վերջիններիս մեծ մասը ոչ ավանդական ճաշակ ունեն: Մի շտապեք սխալ եզրահանգումներ անել, խոսքը գնում է միայն կերակուրի մասին՝ ամանորյա ուտեստների: Պարզվեց, որ, ի հեճուկս սպասելիքների, ժողովրդի ընտրյալներն այդքան էլ համադամասեր չեն եւ ամանորյա ուտեստների փոխարեն նախապատվություն են տալիս մայրիկի ապուրներին:
Այսպես, մեզ հետ զրույցում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ ամանորյա սեղանին վերաբերվում է առանց հատուկ էնտուզիազմի: Նա հայտնեց, որ Ամանորը դիմավորելու է Հայաստանում՝ ընտանիքի հետ: Իսկ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասում Ձմեռ պապից, Գալուստ Սահակյանը տարբերվեց իր գործընկերներից առանձնակի սրամտությամբ. «Ձմեռ պապից ես Ձմեռ պապ եմ ուզում»:
Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ դեռ չի կողմնորոշվել՝ Ամանորը Երեւանո՞ւմ, թե՞ Սեւանում անցկացնի, բայց, համենայն դեպս, անցկացնելու է Հայաստանում: Նոր տարուն պատգամավորը նախընտրում է ուտել մայրիկի պատրաստած ապուրը՝ «թանով ապուր» անունով: Հարցը, թե ինչ է ուզում Ձմեռ պապից, հավանաբար շատ ոգեւորեց Այվազյանին. «Ես Ձմեռ պապից այնքան բան եմ ուզում, որ չեմ կարողանում կողմնորոշվել», բայց մտածելով մի պահ, Վարդան Այվազյանը այդուհանդերձ ասաց, թե հաջողություն, խաղաղություն եւ առողջություն կուզեր. «Մնացածը տեխնիկայի հարց է…»:
Նրա կուսակից, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ավելի պակաս օրիգինալ էր: Նա նույնպես հայտնեց, որ կդիմավորի Ամանորը Երեւանում, ընտանիքի հետ: Հարցին, թե որն է իր սիրելի ամանորյա ուտեստը, պատասխանեց. «մայրկիս պատրաստած տոլման»: Օգտվելով առիթից՝ Շարմազանովը Ձմեռ պապից առողջություն խնդրեց իր զավակների եւ խաղաղություն՝ ողջ հայ ժողովրդի համար:
«Ժառանգություն» խմբակցությանղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես մտադիր է Նոր տարին դիմավորել Երեւանում: Ինչ վերաբերում է ամանորյա նախընտրություններին, նա հաղորդեց, որ բացարձակապես անտարբեր է բոլոր ուտեստների նկատմամբ՝ եւ «բլինչիկի», եւ ավանդական բուդի, եւ անգամ տոլմային: Սաֆարյանը նախընտրում է էկզոտիկան: Հենց այդ պատճառով էլ նա դեկտեմբերի 31-ը նվիրելու է ոչ ավանդական կերակուր պատրաստելուն: Ստեփան Սաֆարյանը հայ ժողովրդին խաղաղություն եւ կայունություն մաղթեց:
Սաֆարյանի կուսակից Լարիսա Ալավերդյանը, ընդգծելով, որ տոները կդիմավորի ընտանիքի հետ՝ Հայաստանում, հայտնեց՝ իր ընտանիքի տոնական սեղանը պասուց է լինելու, քանի որ Հայ առաքելական եկեղեցու կանոններով, տոները համընկնում են պասի հետ: «Մենք սովորաբար տարբեր փլավներ ենք պատրաստում, պասուց տոլմա, եւ ամեն ինչ հաճույքով էլ ուտում ենք, ոչ միայն մենք, այլեւ մեր հյուրերը»: Իսկ Ձմեռ պապից Ալավերդյանը գործնականում անհնարին բան է ուզում, որ հայկական խորհրդարանը լինի ամենալավն աշխարհում:
«Մաքս գրուպ» կոնցեռնի սեփականատեր, պատգամավոր Խաչատուր Մանուկյանը հայտարարեց, որ դեռ չի կողմնորոշվել, որտեղ դիմավորի Ամանորը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում: Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին, Մանուկյանը նայում է սեղանի բոլոր ուտեստներին անտարբեր հայացքով: «Ես սովորաբար իմ մայրիկից ինչ-որ համեղ ապուր եմ ուզում»,- նշեց պատգամավորը: Ձմեռ պապից պատգամավորը Հայաստանում արդարություն է ուզում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտնեց, որ Ամանորը կդիմավորի տանը, ընտանիքի գրկում: Նա դժվարացավ ասել, թե որն է իր սիրելի կերակուրը՝ նկատելով. «Բոլոր հայերս էլ սիրում ենք, որ Նոր տարուն սեղանն ու տունը լի լինեն»: Ձմեռ պապից նա խաղաղություն եւ գործերին հաջողություն ուզեց:




























