Հայերը, որպես հին եւ ավանդապաշտ ազգ, միշտ էլ համարել են, որ Նոր Տարին ընտանեկան տոն է եւ այն պետք է անցկացնել բացառապես տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Մինչեւ վերջերս, գոնե, մեզանից շատերն այդպես էին մտածում։ Բայց, ինչպես ասում են, փոխվում են մարդիկ, փոխվում են նաեւ ավանդույթները։ Տարիների հետ արմատացած կարծրատիպերն իրենց տեղն աստիճանաբար զիջում են նոր սովորույթներին, եւ «նոր հայերն» էլ գերադասում են ամանորյա տոներն անցկացնել ոչ թե սեփական հարկի տակ, այլ, ասենք, որեւէ տարաշխարհիկ երկրում՝ օվկիանոսի ափին։
Պարզելու համար, թե հատկապես ո՞ր արտասահմանյան երկրներում են գերադասում Նոր տարվա տոներն անցկացնել մեր հայրենակիցները եւ ո՞ր ուղղություններն են նրանք առավելապես նախընտրում, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հեղինակություն վայելող հայաստանյան մի քանի ճամփորդական գործակալությունների ներկայացուցիչների հետ։
Հետաքրքրական է, որ ըստ գործակալությունների տրամադրած տվյալների՝ նրանք, ովքեր հնարավորություն ունեն Ամանորը դիմավորել արտերկրում, առավելապես նախընտրում են Եգիպտոսը, Դուբայը եւ Թուրքիան։ «Հատկապես վերջին տարիներին հայերը գերադասում են Նոր տարին դիմավորել տաք, արեւադարձային երկրներում. հակառակ դրան՝ Շենգենյան երկրները պակաս ժողովրդականություն են վայելում»,- տեղեկացրեց զբոսաշրջային հեղինակավոր գործակալություններից մեկի՝ «Լեւոն Թրեվլ»-ի տնօրենը՝ ավելացնելով, որ դա հիմնականում պայմանավորված է եվրոպական երկրների զբոսաշրջային փաթեթների բարձր գներով։ Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ընկերությունը Նոր տարվա նախօրեին զեղչեր մատուցել իր հաճախորդներին, գործակալության տնօրենը նշեց, որ նման ծրագրեր իրենք չունեն. ավելին, ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններով գները կտրուկ աճել են՝ ամառային սեզոնի համեմատությամբ։ Դուբայի ամանորյա փաթեթն, օրինակ, թանկացել է շուրջ երեք անգամ, Եգիպտոսինը՝ երկու։ «Պահանջարկ ունեցող ուղղությունների արժեքը չի իջեցվում, քանի որ այսպես, թե այնպես մարդիկ պատրաստ են վճարել սահմանված գինը»,- հստակեցրեց նա։
Մեկ այլ՝ «Տրիումֆ» գործակալության ներկայացուցիչն ընդհանրապես չցանկացավ խոսել իրենց գնային քաղաքականության մասին՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Կոմերցիոն գաղտնիքները կոմերցիոն գաղտնիքներ, սակայն ինչ էլ որ լինի, փաստ է,որ միտումը՝ Նոր տարին դիմավորել արտերկրում, ժամանակի հետ հայ հասարակության մեջ ավելի ու ավելի հստակ կերպով է ուրվագծվում։ Այ սա, միանշանակ, գաղտնիք չէ։




























