Թերթն իր խմբագրականում գրում է. «Այսօր, Ազատության հրապարակում կկայանա Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որով Կոնգրեսը թերեւս կփորձի հասարակությանը համոզել, որ խորհրդարան մտնելուց հետո հանրահավաքային պայքարը չի ավարտվել, եւ իրենք այսուհետ պայքարելու են եւ փողոցում, եւ խորհրդարանում:
Հանրահավաքի առանցքային թեմաները, ըստ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, լինելու են իրենց անելիքները, ստեղծված իրավիճակը արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսության, կառավարման եւ մյուս հարցերում, ինչպես նաեւ ապագա զարգացումներին վերաբերող հարցերը: Հանրահավաքը վարելու է ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նախորդ հանրահավաքները, եթե հիշում եք, վարում էր Նիկոլ Փաշինյանը:
Միտինգավարի փոփոխությունը եւս վկայում է այն մասին, որ ՀԱԿ մարտավարությունը փոփոխություն է կրել: Կարելի է եզրակացնել նաեւ, որ Փաշինյանը որոշել է տարանջատվել ՀԱԿ-ից եւ այլեւս ինքնուրույն գործունեություն վարել:
Ի դեպ, հանրահավաքին, մեր տեղեկություններով, չի մասնակցելու Հրանտ Բագրատյանը, ով ԱԺ նիստից անմիջապես հետո անձնական գործերով մեկնել է արտերկիր: Երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Զուրաբյանից՝ հանրահավաքը բազմամա՞րդ կլինի, վերջինս արձագանքել է. «Ես նման կանխատեսումներով չեմ զբաղվում»:
Մենք էլ ենք աշխատում կանխատեսումներ չանել, բայց բոլոր ցուցիչները խոսում են այն մասին, որ հանրահավաքը բազմամարդ չի լինելու: Այն թերեւս ազդարարելու է միտինգային ժամանակաշրջանի ավարտը: Չնայած նախօրեին հանրահավաքի մասին իրազեկելու բավականին օրիգինալ ակցիա են արել՝ ՀԱԿ երիտասարդները ֆլեշ-մոբ են կազմակերպել:
Նրանք «Հեղափոխությունը ես եմ» մակագրությամբ շապիկներով երթ են արել, թմբուկ են զարկել եւ բաժանել հանրահավաքի իրազեկման թռուցիկները»,- գրում է «Հրապարակը»:




























