NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «FrontPage Magazine»-ում հրապարկված Ջոզեֆ Պյուդերի հոդվածը.
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «RT» -ին տված վերջին հարցազրույցում Իրանին եւ Թուրքիային կոչ էր արել մասնակցել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված միջազգային խորհրդակցությանը: Լավրովի, ինչպես նաեւ մյուսների համար պարզ էր, որ Իրանն ու Թուրքիան հակամարտող շահեր ունեն ոչ միայն Սիրիայում, այլեւ տարածաշրջանի այլ երկրներում:
Սիրիայում ճգնաժամն օգնեց բացահայտել այդ երկու երկրների միջեւ աճող մրցակացությունը, եւ ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող «մեղրամիսն» ավարտվել է:
Օբամայի նախագահության օրոք Մերձավոր Արեւելքում ամերիկյան ազդեցության նվազումը ուժեղացրել է իշխանության համար պայքարը Իրանի եւ Թուրքիայի միջեւ. երկուսն էլ փորձում են լցնել վակուումը, որն առաջացել էր Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո:
Սիրիայում Իրանի եւ Թուրքիայի միջեւ պատերազմ է վարվում ուրիշների ձեռքերով. Իրանը զինում է Բաշար Ասադի ղեկավարած արբանյակ-պետությունը, իսկ Թուրքիան օգնում է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակին», որը հիմնականում կազմված է սիրիական բանակի սուննի դասալիքներից:
Իրանն ու Թուրքիան մրցակցում են նաեւ Կնետրոնական Ասիայում եւ Կովկասում ազդեցության համար, հատկապես մերձսահմանային պետություններում` Հայաստանում եւ Ադրբեջանում: Իրանում մոտ 20 մլն էթնիկ ադրբեջանցիների առկայությունը Թեհրանի եւ Բաքվի միջեւ շատ տարաձայնություններ է առաջացրել: Իրանը փորձում է կասեցնել անջատողական միտումները, որոնք խրախուսվում են Բաքվի կողմից: 1990-ականներին Իրանը կանգնեց «անհավատ» քրիստոնեական Հայաստանի կողքին մահմեդական Ադրբեջանի դեմ պայքարում: Մյուս կողմից Թուրքիան սերտ մշակութային եւ լեզվական կապեր ունի Ադրբեջանի հետ եւ ցավագին անցյալ` Հայաստանի հետ: Թուրքիան քաղաքականապես աջակցում է Ադրբեջանին եւ սերտ առեւտրային կապեր ունի նրա հետ:
ՌԴ արտգործնախարարի փորձերը` Իրանին ու Թուրքիային միավորել Սիրիայի եւ մի շարք այլ հարցերում, բախվեց մերձավորարեւելյան երկու հսկաների հավակնություններին: Իրանն ու Թուրքիան պայքարում են Մեծ Մերձավոր Արեւելքում լիդերության համար, ինչպես դա արել են անցյալում, եւ քիչ հավանական է, որ նրանց շահերը կհամընկնեն: Չպետք է մեռանալ պատմությունը. այն կրկնվելու սովորություն ունի:




























