«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժի ենթարկելու պահանջով հաջորդ ակցիան տեղի է ունենալու չորեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00 Ազգային ժողովի մոտ:
Այդ օրն ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները' հանդիպելու համար ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Մասնակիցները պահանջելու են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին («Նեմեց Ռուբո»):
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին եղել են մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ: Դրանից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ նախագահի նստավայրի, դատախազության եւ կառավարության մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:



























