«2009 թվականին որեւէ ձեռքբերում չի եղել եւ 2010 թվականին էլ տնտեսության մեջ որեւէ դրական զարգացում չի կարող լինել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«2009-ին կառավարությունն ի վիճակի չեղավ դիմագրավել ճգնաժամին, իսկ „հակաճգնաժամային“ կոչվող միջոցառումները որեւէ արդյունք չտվեցին ու չէին էլ կարող տալ: Ցավոք սրտի, իշխանությունը ոչ մի քայլ չարեց մենաշնորհների վերացման ուղղությամբ, որոնք շարունակում են քայքայել երկրի տնտեսությունը եւ թույլ չեն տալիս, որպեսզի տնտեսությունն աճի»,- ասաց նա ու հավելեց. «Ամենակարեւոր խնդիրն այն է, որ տնտեսական հսկայական անկումը պայմանավորված էր ոչ այնքան ճգնաժամով, որքան տնտեսության արատավոր կառուցվածքով: Այս ամենը բերեց նրան, որ առաջին անգամ այս տարի պաշտոնապես աղքատության աճ գրանցվեց, որը մոտենում է 30 տոկոսի: Մյուս բացասական զարգացումն այն է, որ կառավարությունը հաջորդ տարիների համար զարգացման որեւէ հիմք կամ նախապայման չստեղծեց, թեեւ ճգնաժամի ժամանակ նման հնարավորություններ ստեղծվում են: ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արդյունքում հակառակը տեղի ունեցավ եւ կառավարությունը ի վիճակի չէ դիմագրավել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կառաջանան 2010 եւ հետագա տարիներին ՀՀ տնտեսության մեջ»:

Այնուհետեւ անդրադառնալով 2010 թվականի կանխատեսումներին՝ Վ. Խաչատրյանն ընդգծեց. «2010-ը ծանր տարի է լինելու: Սոցիալական ոլորտում լուրջ խնդիրներ ենք ունենալու, հատկապես եթե հաշվի առնենք, որ ապրիլի 1-ից բարձրանալու են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, իսկ կառավարությունը որեւէ քայլ չի նախատեսել այդ թանկացման հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Ես համոզված եմ, որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական համակարգերում մենաշնորհները կպահպանվեն եւ ավելի կբարգավաճեն: Մյուս կողմից տնտեսության մեջ այսօր նկատելի չեն այն բնագավառները, որոնք կարող են տնտեսության զարգացում ապահովել: Նախկին տարիներին, մեզ մոտ զարգացում ապահովում էին շինարարության ոլորտն ու տրանսֆերտները, իսկ հիմա ո՛չ այն կա, ո՛չ` մյուսը»: