Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բռնցքամարտի օլիմպ. մարզադպրոցի բակ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով:

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրանք ստացել են հիմնականում կտրված, ծակված և պատռված վերքեր, որոնք մետաղյա իրերով հարվածների հետևանք են: Տուժել է նաև դեպքի վայր ժամանած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Երիտասարդների ներկայացմամբ, իրենց ծեծի են ենթարկել նույն ընտրատարածքում առաջադրված թեկանածու Արա Սիմոնյանի նախընտրական շտաբի մոտ 50 անդամ` «երկաթե ձողերով եւ ձեռքներին երկաթե իրեր ամրացված»: Նշենք, որ հենց այդ շենքում է գտնվում Արա Սիմոնյանի նխընտրական շտաբներից մեկը:

Ծեծված երիտասարդներից 2-ին` Վահագն Գեւորգյանին եւ Սերգեյ Գասպարյանին, տեղափոխել են Նոր-Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Վերջիններս հարվածներ են ստացել գլխի շրջանում: Վահագն Գեւորգյանի գլխի վրա կարեր են դրվել: Սերգեյ Գասպարյանին կասկածում են ուղեղի ցնցում ստանալու մեջ: Մյուս երիտասարդներին հիմնականում հարվածներ են հասցրել դեմքի շրջանում` երկաթե իրերով:

Երիտասարդները պատմում են, որ իրենց են մոտեցել Ա. Սիմոնյանի շտաբի անդամներից մոտ 15 հոգի եւ ասել, որ այդ տարածքում ոչինչ չբաժանեն: Նրանք երիտասարդների ձեռքից խլել են ընտրողների ցուցակները: Դրանից հետո մոտեցել են եւս Սիմոնյանի եւս 20-25 կողմնակիցներ եւ առանց որեւէ բան ասելու` երկաթե ձողերով եւ կաստինգներով, սկսել են հարվածել երիտասարդներին:

Բժիշկներն ասում են, որ բարեբախտաբար երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք դեռ որոշ ժամանակ պետք է մնան բժշկական հսկողության տակ: Նշենք, որ Նոր-Նորքի հիվանդանոց են ներկայացել ոստիկանները եւ առգրավել են ծեծի ենթարկված երիտասարդների արյունոտ հագուստները:

Չնայած տեղի ունեցածին, ընդդիմադիր երիտասարդները հայտարարել են, որ շարունակելու են իրենց պայքարը: