«2009 թվականին մենք կորցրեցինք վստահությունը, որովհետեւ „մարտի 1“-ի էջը բաց մնաց: Մենք կորցրեցինք նաեւ վստահությունը ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ Սփյուռքում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով 2009 թվականի Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին ու ձախողումներին, ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Իսկ ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ Հայաստանը մի փոքր ավելի ժամանակ է շահել` լուծելու իր ներքին խնդիրները: Մենք ձեռք բերեցինք նաեւ ռազմական անվտանգություն, որովհետեւ տարվա ընթացքում նախարարությունների մեջ ամենադրական զարգացումն ունեցել է պաշտպանության նախարարությունը: Այս տարի պաշտպանության ոլորտում բավական մեծ բարեփոխումներ եղան, նաեւ նոր շենքեր ու կառույցներ ձեռք բերեցին»,- ասաց նա: Ռ. Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական զարգացումների առումով, 2010-ը հետաքրքիր տարի է լինելու, քանի որ հենց այդ ժամանակ է երեւալու, թե որ կողմն ինչ գին վճարեց այդ գործընթացում: «Ներկա պահին դեռ պարզ չէ, թե Հայաստանն ու Թուրքիան ինչ գին են վճարելու այդ հարաբերությունների բարելավման համար: Թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար այդ գինը կարող են լինել Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերը»,- ասաց նա:
Այնուհետեւ, անդրադառնալով 2010 թվականի կանխատեսումներին, փորձագետն ասաց. «Մենք մի քայլ ավելի մոտ կլինենք Ղարաբաղի ապագան ապահովելուն, քանի որ Ադրբեջանը դառնում է ավելի թույլ: Իսկ բացասական զարգացումը այն կլինի, որ տնտեսական անկայունության եւս մեկ տարի կունենանք, երբ տնտեսական հնարավորությունների ու աշխատանքի պակաս կունենանք: Ճգնաժամը կշարունակվի նաեւ 2010-ին»:




























