«2009 թվականի թերեւս ամենամեծ ձեռքբերումը ճանապարհային երթեւեկության որոշակի կանոնակարգումն էր: Ինձ համար սա հատկապես կարեւոր է այն տեսանկյունից, որ մենք բոլորս, այդ թվում նաեւ իշխանությունը, պետք է հասկանանք, որ շարքային քաղաքացին օրինականության իրականացման կարոտ է եւ պատրաստ է առաջին իսկ ազդանշանի պարագայում դառնալ օրինապաշտ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանն ու հավելեց. «Այդ տեսանկյունից, առաջին օրինակն, անշուշտ, իշխանության ներկայացուցիչներինն է: Իրենք իրենց օրինակով են թելադրում, թե շարքային քաղաքացին իրեն ինչպես պահի: Եթե դատավորը, դատախազը, հարկային կամ մաքսային բարձր պաշտոնյան կաշառքներ չվերցնեն եւ ըստ օրենքի առաջնորդվեն, ես կարծում եմ, որ այդ նույն երեւույթը կողջունվի հասարակ քաղաքացու կողմից եւ նա էլ կհրաժարվի կաշառք տալուց»:

Մնացած բոլոր առումներով, ըստ Ա. Մելիքյանի, 2009 թվականը եղած բացասական երեւույթների խորացման տարի էր: «Դժբախտաբար մեր տնտեսությունը հաջողություններ չի գրանցել, ներքին քաղաքականության ասպարեզում շարունակում է մնալ լուրջ քաղաքական ճգնաժամը: Իշխանությունները փորձում են ցույց տալ, թե այդպիսի բան չկա, որ ամեն ինչ շատ լավ է եւ արդեն դրախտում ենք ապրում: Ընդդիմություն էլ փորձում է ներկայացնել, որ բացի ճգնաժամից ոչինչ չկա եւ մենք արդեն դժոխքում ենք: Ես կարծում եմ, որ ամեն բան մեզանից է կախված եւ եթե մենք զերծ մնանք ծայրահեղություններից, ապա իսկապես կկարողանանք հաղթահարել ամեն դժվարություն: Սա դատարկ ու սին լավատեսություն չէ, ես ուղղակի վստահ եմ, որ այդ հնարավորությունը կա»,- ընդգծեց նա:

Իսկ հարցին, թե իր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի 2010 թվականը, կկարողանա՞նք օգտագործել այդ հնարավորությունները, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Սա գործընթաց է, որը շատ դժվար է առաջ գնում: Երբ մարդկանց մոտ կորած է հավատը, երբ արժեքներն արժեզրկվել են եւ մարդիկ հիմնականում սովորել են առաջնորդվել իրենց անձնական շահերով, շատ դժվար է լավատեսություն սերմանել եւ լավի գերակայությունը վատի հանդեպ հաստատել: Բայց մարդն այն արարածն է, որը մշտապես մտքում ու սրտում արդարության հաստատելու պահանջն ունի եւ այդ պահանջն է, որ մեզ կարող է առաջնորդել ավելի լավ ապագայի: Որքան ուժեղ լինի այն, այդքան մեր հնարավորությունները մեծ կլինեն»: