Ռուսաստանը եւ Վրաստանը մոտ ժամանակներս «Վերին Լարս» անցագրային կետի բացման մասին հայտարարագրեր կփոխանակեն։ Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Նրա խոսքով, դեկտեմբերի 23-ին Կազբեկիի անցակետում կայացել է ռուս եւ վրացի փորձագետների երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Վերին Լարս» անցագրային կետում երեթեւեկությունը վերականգնելու հարցը։

«Հանդիպման արդյունքում որոշում է ընդունվել 2010 թվականի մարտի 1-ից վերսկսել երթեւեկությունը։ Փորձագետների խմբի ղեկավարների, ինչպես նաեւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչների կողմից համաձայնեցված արձանագրությունների ստորագրումից հետո, ռուսական եւ վրացական կողմերը մոտ ժամանակներս, Շվեյցարիայի միջնորդությամբ, կփոխանակվեն երթեւեկության վերականգման վերաբերյալ համապատասխան պաշտոնական հայտարարագրերով»,- հայտարարել է Նեստերենկոն։

«Интерфакс»-ը հաղորդում է, որ Նեստերենկոն նաեւ հույս է հայտնել, թե անցագրային կետի վերագործարկումը կլինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների վերականգմանն ուղղված եւս մեկ քայլ։