Օլիմպիական խաղերը վաղուց են դարձել առեւտրային նախաձեռնություն: Հսկայական միջոցներ են ներդրվում օլիմպիադաների կազմակերպման նպատակով, սակայն օլիմպիադան, որպես կանոն, արդարացնում է ներդրումները:

Ծախսեր

Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեի տեղեկացմամբ` նախապատրաստման ընթացքում ծախսվել է մոտ 11 մլրդ եվրո: Այլ աղբյուրներ նշում են 14 մլրդ եվրո: Այս տարբերությունն  առաջանում է այն պատճառով, որ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի մի մասը ուղղակիորեն կապված չէ օլիմպիադայի հետ, ինչպես օրինակ` Լոնդոնի բոլոր գետնանցումների վերանորոգումը:

Ընդհանուր առմամբ` Լոնդոնի ենթակառուցվածքներն արդիականացնելու նպատակով ծախսվել է 5 մլրդ եվրո, օլիմպիական մարզադաշտը կառուցելն արժեցել է 600 մլն եվրո, ջրային կենտրոնը` 340 մլն եվրո, մեդալների ձուլումը` 7.5 մլն եվրո:

Սակայն ամենաթանկ օլիմպիադան համարվում է նախորդ` 2008 թ. Պեկինի օլիմպիադան, թեեւ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել: Ենթադրվում է, որ չինական իշխանությունները օլիմպիադայի կազմակերպման համար ծախսել են առնվազն 20 մլրդ եվրո, այլ տվյալներով` 30 մլրդ եվրո:

Եկամուտներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը հայտարարել է, որ օլիմպիադան երկրին 17 մլրդ եվրո եկամուտ կբերի: Բրիտանացիներից շատերը այս հայտարարությանը լուրջ չեն վերաբերում: Նախկին վարչապետ Թոնի Բլերը, որի օրոք էլ Լոնդոնը ստացավ օլիմպիական խաղեր անցկացնելու իրավունքը, շատ ավելի զգուշավոր է իր գնահատականներում, թեեւ գտնում է, որ օլիմպիադան վնասաբեր չի լինի: Bank of England-ի կանխատեսումներով` շնորհիվ օլիմպիադայի Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կաճի 0.2%-ով (այլ գնահատականներով` 0.3-0.4%), ինչը կօգնի հաղթահարել ռեցեսիան: Մեծ Բրիտանիան անցկացնում է իր երրորդ օլիմպիադան, ու նախորդ երկուսը եկամտաբեր են եղել:

Վնասաբեր են եղել Մյունխենի (1972 թ.), Մոնրեալի (1976 թ.), Սիդնեյի (2000 թ.) օլիմպիադաները:

Լոնդոնի օլիմպիադայում, ըստ նախնական գնահատականների, կիրացվի 8 մլն տոմս, որից եկամուտները կկազմեն 500 մլն եվրո: Տոմսերի նվազագույն արժեքը 28 դոլար է, օլիմպիադայի բացման արարողության ժամանակ տոմսերի առավելագույն գինը 2300 եվրո էր: Ամենաթանկ տոմսեր վաճառվելու են տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչում` միջինը 825 եվրո: Սակայն օլիմպիադայի կազմակերպիչները վստահեցնում են, որ տոմսերի 90%-ը կիրացվի 130 եվրոյով:

Լոնդոնյան օլիմպիադան կարող է դառնալ ամենաեկամտաբերը հեռուստատեսային իրավունքների վաճառքի գծով: Միայն ԱՄՆ-ում Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն իսկ ստացել է 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ, որը մեկ երրորդով գերազանցում է Պեկինի օլիմպիադայի կազմակերպիչների եկամուտները: