Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան (համակարգում ծառայել է 1998-2011 թթ.) Մխիթար Ալումյանը, որն ի թիվս բազմաթիվ այլ բողոք-պահանջների` ոստիկանությունից պահանջում է 4,5 միլիոն դրամ, ըստ իր հաշվարկների, ծառայության ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար:

Ոստիկանության լրատվության ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Այս պատմությունը նոր չէ, սկսվել է անձնական նախաձեռնությամբ, զեկուցագրի հիման վրա, 6.10.2011 թ. ոստիկանության համակարգից ազատված Մ. Ալումյանի` նույն տարվա դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումով, որտեղ նշված հանգամանքերով Պետական պահպանության գլխավոր վարչությունում նշանակվել եւ անցկացվել է ծառայողական քննություն:

Մ. Ալումյանը նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Կոտայքի մարզի դատախազություն, ինչի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծառայողական քննության ընթացքում տված բացատրության մեջ Մ. Ալումյանը նշել է, որ դիմումները գրել է խիստ հուզական վիճակում` խեղաթյուրելով փաստերը, եւ հաստատել, որ ծառայությունից ինքնակամ է ազատվել:

Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության դիմաց չվճարվելու եւ այդ գումարները յուրացնելու մասին հայտարարությանը, ապա դրա իրավական գնահատականը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` ծառայողական քննությունների ընթացքում քննարկվում են միայն ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու վարքագծին առնչվող հարցերը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Ասել է թե` Մ. Ալումյանի դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:

Ինչ վերաբերում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից Մ. Ալումյանին հատկացված 1,9 մլն դրամին, ապա այստեղ եւս իրականությունն այլ է:

2011 թ. դեկտեմբերի 29-ին պետական պահպանության գլխավոր վարչության պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ Մխիթար Ալումյանի` ՀՀ ոստիկանության պետին ուղղված` երեխայի բուժման նպատակով ֆինանսական օգնություն ցուցաբերելու դիմում-խնդրանքը: Գլխավոր վարչության պետը նշելով, որ վարչության տրամադրվելիք օգնությունը սահմանափակ է, առաջարկել է համակարգի ծառայողների ջանքերով, կամավորության սկզբունքով հանգանակություն կատարել` ֆինանսական ծանր պայմաններում հայտնված նախկին ծառայակցին օգնելու, նրա դստերը շուտափույթ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 2012 թ. հունվարի 17-ին հանգանակված գումարը` 1,9 մլն դրամ, հանձնվել է Մխիթար Ալումյանին, որն ընդունել է գումարը` խորին շնորհակալություն հայտնելով պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը:

Փաստորեն, ոչ ոստիկանության պետին հասցեագրված դիմումում, ոչ ՊՊԳՎ պետի հանգանակության առաջարկում, ոչ էլ Ալումյանի խորին շնորհակալության մեջ տառ անգամ չկա հավելավճարի, ոստիկանության` նրան ունեցած պարտքի ու «մնացած գումարը մաս-մաս վճարելու» մասին: Կա նեղության մեջ հայտնված մերձավորին աջակցելու, գործընկերոջը (թեկուզեւ նախկին) հարեհաս լինելու, հիվանդ երեխային շուտափույթ օգնություն ցուցաբերելու պարզ` մարդու եւ քրիստոնյայի մղում, որը եւ գործ է դարձել: Իսկ թե Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաեւ հիշողության խնդիրն է»: