Նոր տարվա գիշերը Լուսնի խավարում է լինելու. ճիշտ է մասնակի, այնուամենայնիվ, ինչպես ասում են, լինելու է։ Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանից։

Գիտաշխատողի խոսքով, թեպետ Լուսնի կիսաստվերային խավարումները գիտական առումով այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում (իսկ սա հենց այդպիսին էլ լինելու է), այնուամենայնիվ հատկանշական է, որ այն տեղի է ունենալու Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին։ Արեգ Միքայելյանի խոսքով, Լուսնի կիսաստվերային խավարումն սկսվելու է մոտավոտավորապես 24։00-ին եւ տեւելու է մի քանի ժամ։ «Այն ավելի լավ կերեւա մարզերում, քանի որ երկինքն այնտեղ պարզ է, իսկ Երեւանում, օդի աղտոտվածության եւ ամպամածության հետեւանքով, գուցե այնքան էլ հեշտ չլինի հետեւել առանց այդ էլ ոչ այնքան հստակ արտահայտված բնության այդ երեւույթին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ խավարումները, որպես կանոն, լինում են լիալուսնի ժամանակ, իսկ ընդհանրապես լուսնային խավարումները միշտ ավելի երկար են տեւում, քան Արեգակի խավարումները։

Դեկտեմբերի 31-ի Լուսնի կիսաստվերային խավարմանը կհետեւեն նաեւ Աֆրիկայում, Հնդկաստանում ու Չինաստանում։