Մենք՝ հայերս, այն քիչ ժողովուրդներից ենք, ովքեր երբեք չեն բողոքում ախորժակի բացակայությունից եւ նույնիսկ ուշ գիշերին պատրաստ են ուտելիքով ծանրաբեռնված սեղանների շուրջ մի լավ «քեֆ անել»։ Առջեւում Նոր տարի է, իսկ դա նշանակում է, որ բոլոր հայերը պատրաստվում են ճիշտ այս կերպ դիմավորել Ամանորը՝ բդերով ու հնդկահավերով ծանրաբեռնված սեղաններ, համադամ ուտելիքներ, իսկ վերջում… Այսպիսին է մեր բնույթը, այսպիսին ենք մենք. լա՞վ է սա, թե՞ վատ, թող հետեւություն անի ընթերցողներից յուրաքանչյուրը։
Ինչեւէ, պարզելու համար, թե ինչպես կարելի է Նոր տարվա օրերին խուսափել սննդային թունավորումներից, ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներից եւ նման այլ տհաճ իրավիճակներից, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց եւ փորձեց խորհուրդներ ստանալ Երեւան քաղաքի Շտապօգնության ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանից։
Առաջինը, ինչ ազգաբնակչությանը խորհուրդ տվեց բժշկուհին, ուտել միայն թարմ ուտեստներ եւ որ ամենակարեւորն է՝ չափավոր քանակով։ «Լավ կլինի, եթե մարդիկ այդ օրերին իրենց համար որոշակի ռեժիմ սահմանեն եւ փորձեն ուտել միատեսակ ուտելիքներ, ասենք՝ սկզբում խոզի, իսկ մի քանի ժամ անց արդեն թռչնի մսից պատրաստված ուտելիքներ, բայց ոչ երբեք այդ ամենը խառնեն իրար, ինչը կարող է բերել ստամոքսի խանգարումների»,- նշեց նա՝ ավելացնելով, որ գիշերային ժամերին պետք է խուսափել հատկապես ճարպոտ ուտելիքներից։
Նունե Ժամկոչյանը հորդորեց նաեւ զերծ մնալ տարբեր տեսակի ոգելից խմիչքներն իրար խառնելուց։ Նրա խոսքով, ալկոհոլային խմիչքների չարաշահումը եւ մեկը մյուսի հետ խառնելը կարող են լուրջ խնդիրների բերել։ Հարցին, թե գործո՞ւմ են արդյոք Հայաստանում սթափարաններ (вытрезвитель), նա պատասխանեց, որ այդպիսիք մեր երկրում չկան եւ երբեք էլ չեն եղել։ «Իսկ ընդհանրապես, առավել ուշադիր պետք է լինեն հիպերտոնիայով եւ շաքարախտով տառապող մարդիկ՝ իրենց սննդակարգից բացառելով բոլոր դժվարամարս եւ յուղոտ ուտելիքները, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքները»։ Բժշկուհու խոսքով, Նոր տարվա օրերին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել երեխաներին, ովքեր ընդեղենի եւ շոկոլադի չարաշահման հետեւանքով փորկապությամբ եւ նման այլ խնդիրներով հաճախ են հայտնվում հիվանդանոցներում։
Վերջում մեկ անգամ եւս խորհուրդ տալով զերծ մնալ շատակերությունից՝ Նունե Ժամկոչյանն, այնուամենայնիվ, հորդորեց գլխապտույտի, սրտխառնոցի եւ ընդհանուր թուլության դեպքում անհապաղ դիմել բժշկի, մանավանդ, որ Նոր տարվա օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկաները ժամը 09։00-ից մինչեւ 01։00-ը հերթապահություն են սահմանելու։ «Հակառակ դեպքում պետք է ստամոքսի լվացում անել եւ մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել»,- եզրափակեց նա՝ մաղթելով, որ Ամանորին ազգաբնակչությունն իրենց կարիքը չզգա։




























