Հայաստանում  եւ Ադրբեջանում 2013 թ. ընտրությունները չեն կարող նկատելի ազդել ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերի դիրքերի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի Սեւծովյան-կասպյան կենտրոնի  ղեկավար Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` յուրաքանչյուր երկրում կան ուժեր, որոնք հայտարարում են, թե ունեն ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման բաղադրատոմս:

«Երկու երկրներում էլ դրանք ընդդիմադիր, լիբերալ-արեւմտամետ ուժերն են: Մասնավորպես, Հայաստանում դրանք ասոցացվում են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ: Ադրբեջանում այդ ուժերն ավելի քիչ են արտահայտված: Սակայն ինչպես ցույց տվեցին վերջին մեկ-մեկուկես տարվա իրադարձությունները, այդ ուժերն աճի պոտենցիալ ունեն, ինչն արտահայտվեց նախագահ Իլհամ Ալիեւի դեմ բողոքներով»,-հայտարարեց Պոպովը:

Միաժամանակ փորձագետը նշեց «արաբական գարնան»` Հարավային Կովկաս հասնելու որոշակի հեռանկարների մասին: «Այն, այդուամենայնիվ, մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանին համար` հաշվի առնելով նրա քաղաքական կառուցվածքի առանձնահատկությունները:  Երկու երկրներում լիբերալ-արեւմտամետ ուժերն ընդդիմության շարքում են, միաժամանակ միմյանց հետ դաշնակցային հարաբերությունների մեջ են` Լեռնային Ղարաբաղի շուրջ դիմակայության ձգձգման  գլխավոր մեղավոր համարելով սեփական իշխանություններին: Սակայն զուտ հիպոթետիկ առումով ընտրություններում այդ ուժերից յուրաքանչյուրի հաղթանակը իրավաքաղաքական իրավիճակի սկզբունքային փոփոխության չի հանգեցնի:  Դա հանրությունը թույլ չի տա: Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական ճակատագիրը դրա վկայությունն է»,-կարծում է  Պոպովը:

Ինչ վերաբերում է  Ադրբեջանին, ապա ընդդիմության խլացնող պարտությունը նույնպես բավարար երաշխիք է ընդդեմ հակամարտության արագ կարգավորման  չափազանաց համարձակ կանխատեսումների: «Այսպիսով, իրավիճակը նրա զարգացման ներկա փուլում կավարտվի ստատուս քվոյով, եթե կախված լինի միայն ընտրական գործընթացներից: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները շատ թույլ կանդրադառնան նրա վրա»,-ամփոփեց փորձագետը: