Տոնական այս օրերին ամբողջ Եվրոպայում եւ Ռուսաստանում ձյան առատ տեղումների հետեւանքով օդանավակայաններն աշխատում են գերլարված ռեժիմով։ Որոշ թռիչքներ հետաձգվում են, որոշները՝ առհասարակ չեղյալ հայտարարվում։
Պարզելու համար, թե ի՞նչ ռեժիմով է Նոր տարվա օրերին աշխատելու Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, NEWS.am-ի թղթակիցը փորձեց տեղեկություններ ստանալ օդանավակայանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այնտեղից մեզ տեղեկացրին, որ որոշ թռիչքներ այս օրերին «Զվարթնոցում» ուշանում են, քանի որ իրենք եղանակային պայմանների մասին նախօրոք չեն զգուշացվում։ Չվերթերի կրճատումներ, ինչպես հայտնեցին լրատվության բաժնից, այս օրերին հիմնականում չեն լինում։ «Համեմատաբար քիչ թռիչքներ կան վաղվա օրվա՝ դեկտեմբերի 31-ի համար, իսկ տոնական մյուս օրերին կաշխատենք սովորական ռեժիմով»,- նշեց օդանավակայանի աշխատակիցը՝ ավելացնելով, որ չվերթերի ուշացումներ, այնուամենայնիվ, լինում են. «Հնարավոր է, նույնիսկ, երեկվա չվերթերի օդանավերը ժամանեն մեկ օր ուշացումով, սակայն ոչ մի չվերթ մինչ այժմ չի հետաձգվել»,- եզրափակեց նա։




























