Այսօր հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:

Ըստ Հայ Եկեղեցու, Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Հունվարի 6-ին` Սոուրբ Ծննդյան պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն:

Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արեւի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոները: