Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկարատև ժամանակաշրջան գտնվում է վտանգավոր խաղի մեջ` այդ գործում ներգրավելով և օգտագործելով իր սիրելի խնամու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները: Գաղտնիք չէ, որ Աբրահամյանի կյանքի երազանքը ի վերջո նախագահական նստավայրում հանգրվանելն է, ընդ որում` բացառապես նախագահի տեսքով:
Այդ նպատակին հասնելու համար նա հնարավորինս դրդում է Գագիկ Ծառուկյանին տարատեսակ քայլերի: Բնականաբար, Ծառուկյանին ավելի ձեռնտու է, որ նախագահի պաշտոնում լինի իր խնամին, այլ ոչ ասենք Վարդան Օսկանյանը, ուստի նա ինքն էլ լրջորեն հետեւում է Աբրահամյանի հրահանգներին:
ԱԺ նախագահն իր նպատակին հասնելու համար համախոհների թիմ է հավաքել հանրապետական կուսակցության ներսում, յուրայինների նշանակել Ազգային Ժողովի տարատեսակ պաշտոններում: Աբրահամյանը նաեւ դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, Ազգային Ժողով է կանչում մարզպետներին ու քաղաքապետերին, փորձում պարզել նրանց «բերնի գոլը», թե անհրաժեշտ պահին որքանով վստահելի կլինեն: Չնայած որ ըստ առկա տեղեկությունների, այդ ճակատում նա դեռ ակնառու հաջողությունների չի հասել այդ գործում, քանի որ հանդիպողները հասկացնում են, թե մտադիր չեն առայժմ թռնել ավելի ուժեղ իշխանության տակից եւ հանգրվանել Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի գրկում:
Դեպի նախագահական իր անշեղ ուղու համար նախ անհրաժեշտ է մաքրել Ծառուկյանի եւ Աբրահամյանի վրայի «փոշին», այլ խոսքով, դրական իմիջ ստեղծել ժողովրդի մեջ: Դրա վառ ապացույցը վերջին շրջանում տարբեր կալիբրի ԲՀԿ-ականների կողմից նետված խայծն է, թե Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ: Առինջեցի օլիգարխի կողմնակիցները փրփուրը բերաններին համոզում են, թե Գագիկ Նիկոլայիչը չի կարող օլիգարխ լինել, քանի որ օլիգարխը պիտի իշխաական լծակներ ունենա կամ օգտվի իշխանական կերակրատաշտից: Այս դրույթի քարոզին լծվել են նաեւ Ծառուկյանից սնվող լրատվամիջոցները, որոնք ի դեպ, անխնա քննադատում են գործող իշխանություններին, սակայն թթու մեկ խոսք անգամ չեն ասել Հովիկ Աբրահամյանի հասցեին: Վերջինիս անունը, եւս բացակայում է այդ լրատվամիջոցներում հրապարակվող օլիգարխների տարբեր «վարկանիշներում»: Հովիկ Աբրահամյանն ինքն էլ բոլոր հնարավոր միջոցներով տարփողում է, թե բիզնեսով չի զբաղվում, որեւէ կապ չունի իր անվան հետ կապվող այս կամ այն ձեռնարկության հետ:
Առնվազն անհեթեթ է կարծել, թե Ծառուկյանն ու Աբրահամյանը օլիգարխներ չեն: Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների մասին Հայաստանում գիտեն նույնիսկ մանկապարտեզի սաները, իսկ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար բավարար է հիշել Հայ ազգային կոնգրեսի ցանկը 76 գործարար պատգամավորների անուններով: Ըստ այդ ցանկի` Աբրահամյանին են պատկանում գյուղատնտեսական նշանակության 1600 հա հողեր, ավազի հանքեր, «Արարատցեմենտ» ՓԲԸ, «Արտֆուդ», «Վինկոն» ընկերությունները, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, Արտաշատի մեխանիկական գործարանը, «Արտաշատ» գաստրոնոմը, «Գյուղշին» N 5 տրեստի ավտոպարկը, «Արտաշատ» հյուրանոցային համալիրը, Մխչյանի մեխանիկական գործարանը, Բետոնի գործարանը, գազալցակայաններ եւ բենզալցակայաններ:
Թե Ծառուկյանը, թե Աբրահամյանը ոչ միայն լուրջ գործարարներ են, այլեւ իրենց ունեցվածքը բազմապատկելու ճանապարհին տարբեր հակաօրինական արարքներ են կատարել, խուսափել են հարկերից, ճնշել եւ ահաբեկել են մարդկանց, խլել ու յուրացրել են: Վերջին ակնառու օրինակը Գետք գյուղի գյուղապետի հետ կատարվածն էր: Շիրակի մարզի Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը համարձակվել էր Աբրահամյանին մեղադրել ջրի խողովակների յուրացման մեջ, իսկ Աբրահամյանը ԱԱԾ-ի ահաբեկումների շարք է սկսել գյուղապետի դեմ` ստիպելով լռել:
Բնականաբար իր նպատակին հասնելու համար Աբրահամյանը ճանապարհից վերացնելու է հնարավոր մրցակիցներին, եւ դրանցից առաջինը վերջերս ԲՀԿ-ական դարձած Վարդան Օսկանյանն է: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը լուրջ մասնակցություն ունի Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ քրեական գործի հարուցման եւ այդ քրգործը ներկայումս քնեցնելու մեջ: Այսկերպ, նա փորձում է իր և ԲՀԿ-ի ճանապարհից մաքրել Վարդան Օսկանյանին, որպես նախագահի հնարավոր թեկնածուի:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Աբրահամյանը նաեւ լուրջ մասնակցություն ունի «Բարգավաճ Հայաստանի» արտաքին քաղաքական խաղերում: ԱԺ նախագահը, ով ինտենսիվորեն ռուսերեն է սովորում, ակտիվորեն հանդիպում ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչներին, փորձում է սիրաշահել Մոսկվային, եւ համոզել, որ հենց ինքն է Կրեմլի նախընտրելի թեկնածուն: Այդ գործում նա օգտագործում է նաեւ իր խնամու կապերն ու հնարավորությունները: ԲՀԿ-ի վերջին նախաձեռնության` Եվրասիական երիտասարդական առաջին գագաթնաժողովի ետեւում եւս կանգնած է Աբրահամյանը: վերջինս հրաշալի հաշվարկել է, որ Ծաղկաձորում 14 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նման միջոցառման կազմակերպումը կարող է արժանանալ գործող իշխանությունների դժգոհությանը, իսկ դա հավելյալ առիթ է Աբրահամյանի համար` ռուսներին ցուցադրելու, թե ով է նրանց իսկական դաշնակիցը Հայաստանում:
Ինչեւէ, աշնանը թեժ վերադասավորումներ են սպասվում, եւ Աբրահամյան-Ծառուկյան տանդեմը փորձելու է հնարավորինս իրենով անել քաղաքական դաշտը` խորհրդարանի նախագահի նախագահական նկրտումներին հագուրդ տալու համար:
Ռուբեն Վարդազարյան




























