Լեհաստանը հայտարարել է ռուսաստանյան լրտեսի ձերբակալության մասին: Ռուսաստանյան հետախույզի մասին տեղեկությունը Վարշավան երկար ժամանակ գաղտնի էր պահում, հայտնում է AFP-ն: Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող անձին անազատության մեջ են պահում արդեն մեկ տարի, գրում է լեհական Gazeta Prawna պարբերականը:

«Էխոս Մոսկվին» նշում է, որ կասկածյալի անունն ու ազգանունը չի նշվում: Սակայն թերթը հայտնել է, որ նա Լեհաստանում է բնակվել տասը տարուց ավելի եւ հրաշալի գիտի լեզուն: Ենթադրյալ հետախույզն աշխատել է որսորդական հրացանների համար օպտիկական նշանառության սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունում:

Լեհաստանի իրավապահները կասկածում են, որ այդ ձեռնարկությունը ստեղծվել է միայն այդ անձի քողածածկույթի համար: Ընդ որոում, ձերբակալվածի մեղքն ապացուցելը դժվար է լինելու: Նա Ռուսաստանի դեսպանության հետ որեւէ կապի մեջ չի մտել: Գաղտնի տեղեկությունը, ըստ իրավապահների, նա հաղորդել է այլ ճանապարհներով:

Լեհական թերթը չի բացառում, որ հենց Լեհաստանում լրտեսի ձերբակալությունն է դարձել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ Վալենտին Կորաբելնիկովի պաշտոնանկության պատճառը: Նա լքել է իր պաշտոնը անցած տարվա ապրիլին: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ պաշտոնականության պատճառը գերատեսչության բարեփոխումներն են: