ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը: Նրա խոսքով, Northwest Airlines ընկերության ինքնաթիռում չհաջողված ահաբեկչությունը խոսում է ԱՄՆ անվտանգության համակարգի լուրջ խաթարման մասին: Ինչպես հայտնում է Ap-ն, Օբամայի կարծիքով, ԱՄՆ հատուկ ծառայությունները ունեին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ ահաբեկչի մուտքն ինքնաթիռ կանխելու համար, սակայն չեն կարողացել համարժեք գնահատել եւ դասակարգել տեղեկությունները:

Նախագահը կարծում է, որ, ելնելով առկա տվյալներից, հատուկ ծառայությունները պետք է նիգերիացի Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբին մտցնեին ուղեւորների «սեւ ցուցակի» մեջ, ինչը կբացառեր նրա մուտքը օդանավ: Բացի այդ, Օբաման հայտարարել է, թե առաջիկա օրերինկհայտնի հարձակումների կանխարգելման հետագա քայլերի մասին:

Միեւնույն ժամանակ Բարաք Օբաման հաստատել է իր մտադրությունը՝ կուբայական Գուանտանամո կղզու բանտի փակման վերաբերյալ: Նա հստակեցրել է, որ ներկայումս ամերիկյան կողմը չի նախատեսում հետ վերադարձնել Եմենից ձերբակալվածներին: 2009թ. դեկտեմբերին Օբաման որոշում է կայացրել Գուանտանամոյի 200 դատապարտյալներին Իլլինոյսի բանտ տեղափոխելու մասին: Նշենք, որ Գուանտանամոյի դատապարտյալների մոտ կեսը Եմենի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին 23-ամյա նիգերիացին Ամստերդամ մեկնող ինքնաթիռ էր անցկացրել պայթուցիկ մի սարք եւ փորձել էր պայթեցնել այն: Սակայն սարքը չէր պայթել, այլ միայն բռնկվել էր, արդյունքում մահապարտը միայն այրվածքներ էր ստացել: Նա ձերբակալվել եւ խոստովանել էր, որ ահաբեկչության ետեւում կանգնած է «Ալ-Քաիդա» ցանցը, իսկ նախապատրաստումն անցել է Եմենում: