Ինգուշեթիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հունվարի 6-ին հայտնաբերել են պայթուցիկ սարք Մոզդոկ-Թբիլիսի գազատարի մերձակայքում: Կասկածելի սարքը հայտնաբերվել է Սրեդնիե Աչակուլի բնակավայրի շրջանում: Ներկայումս պայթուցիկ սարքը վնասազերծվել է ականազերծիչների կողմից: «Պայթուցիկ սարքը բաղկացած է եղել ձեռքի նռնակից՝ դրան միացված դետոնատորով եւ բջջային հեռախոսով: Նռնակը վնասազերծվել է տեղում»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Ինգուշեթիայի ՆԳՆ աղբյուրը:

Նշենք, որ «Մոզդոկ-Թբիլիսի» գազատարով իրականացվում է ռուսաստանյան գազի առաքումը Հայաստան: Դեկտեմբերի կեսին մայրուղին ականապատվել էր, եւ գազի առաքումը ժամանակավորապես դադարեցվել էր: Հանրապետությունն այն ժամանակ օգտագործում էր Աբովյանի պահեստարանի գազը: Վրաստանի գազամատակարարումը չէր դադարեցվել, քանի որ նա գազ է ստանում Ադրբեջանից: