Օգոստոսի 22-ին պաշտոնապես մեկնարկում է Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, թեկնածուներից ոմանք, սակայն, գրանցումից հետո հրաժարվել են հետագա ընտրապայքարից` ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Նրանց թվում են նաեւ երեք քաղաքային համայնքներում գրանցված քաղաքապետերի մեկական թեկնածուներ:
Այսպես` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ինքնաբացարկ է հայտնել ինքնառաջադրված հանրապետական Սամվել Միքայելյանը: Արդյունքում` Ագարակի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանն է:
Նույն մարզի Քաջարան համայնքում ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆայել Լալայանը: Այստեղ եւս միակ հավակնորդը գործող քաղաքապետն է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Վարդան Գեւորգյանը:
Արարատի մարզի Վեդի քաղաքում 4 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:
Նշենք, որ թեկնածուները կարող են օգտվել ինքնաբացարկ հայտնելու իրավունքից մինչեւ օգոստոսի 30-ը:




























