Նախկին իշխանության օրոք Հայաստանը չի իջեցրել ազգային շահերի նշաձողը։ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կան մարդիկ, որոնց համար Արցախի հիմնախնդրում ցանկացած զիջումը անընդունելի է, հետեւաբար ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ յուրաքանչյուր փաստաթուղթ հասարակության այս շերտի համար ինքնին անընդունելի է։ Այս մասին, «168 ժամ» թերթին, ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նշելով, որ նման մոտեցումը լիովին հասկանալի է, նա ընդգծել է, որ այս դեպքում, հիշյալ մարդիկ պիտի ընդունեն այն, որ Հայաստանին պետք չեն բանակցություններ եւ նրանց դիրքորոշումների իրագործումը կախված է այն գնից, որը պետք է վճարել։
Ըստ դիվանագետի, եթե հայ-ադրբեջանական բանակցություններից հետո արդյունքների ձեռքբերման խնդիր է դրվում, ապա Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացի արդյունքում ստեղծված ցանկացած փաստաթուղթ պետք է դիտվի ոչ միայն որպես սկզբունքների շարք, այլ որպես ամբողջական փաստաթուղթ բոլոր իր մանրամասներով։ Օսկանյանը պարզաբանել է, որ եթե այդ սկզբունքներում ամրակայվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա այդ սկզբունքը կարելի է ընդունելի համարել։ Այլ հարց է, թե ինչպես է ձեւակերպվելու եւ իրագործվելու այդ իրավունքը։
Ինչ վերաբերում է մյուս անընդունելի սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին կից տարածքները, ըստ նրա, «եթե կարողանանք հասնել այն բանին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքները վերադարձվեն այն դեպքում միայն, եթե լիովին իրագործվի ինքնորոշման իրավունքը, դա կլինի բոլորովին այլ հարց»։
«Սկզբունքները կարեւոր հիմք են, սակայն, ի վերջո, որոշիչ դեր են խաղում մանրամասները։ Իմ նախարար լինելու օրոք, մենք չկարողացանք համաձայնության գալ Ադրբեջանի հետ, որովհետեւ կար ազգային շահերի հստակ նշաձող, որը մենք երբեք չէինք ցածրացնում»,-ասել է Օսկանյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը 1998-2008թթ ղեկավարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։ Նա պաշտոնաթող է արվել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո։ Օսկանյանին կարելի է համարել Մադրիդյան սկզբունքների մշակման փուլի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, որոնք չեն նախատեսում ԼՂՀ ինքնորոշումը մինչեւ ինքնապաշտպանական ուժերի հեռացումը առաջնային դիրքերից։




























