Գաղտնիք չէ, որ առողջապահական համակարգը ամենաստվերայիններից մեկն է: Ընդ որում` ոլորտը ամենաքիչն է ենթակա վերահսկողության, ինչը ստիպված էր խոստովանել նույնիսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջին տասնամյակում ֆինանսական հոսքերի գրանցման առումով նկատելի են դրական տեղաշարժեր, սակայն ստվերը դեռ մեծ տեսակարար կշիռ է կազմում: Անգամ առողջապահական հիմնարկների վճարած հարկերի ծավալով կարելի է որոշել, թե որ հիվանդանոցներում է ստվերը մեծ:
Հիվանդանոցներից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկականն կենտրոնն է` 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 274 մլն դրամ հարկեր, ու խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 169-րդ հորիզոնականը: Սա պատահական չէ` հիվանդներից գանձվող վճարների հիմնական մասը օրինական մուտքագրվում է դրամարկղ, իսկ վճարողները ստանում են ՀԴՄ կտրոն: Մյուս խոշոր հիվանդանոցները դրանով հպարտանալ չեն կարող: Երկրորդ խոշոր հարկատու հիվանդանոցը «Արաբկիր» բժշկական կենտրոնն է` 148 մլն դրամ եւ 285-րդ տեղ: Երրորդ տեղում` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն է` 81.4 մլն դրամ եւ 511-րդ տեղ:
1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը (71 մլն դրամ), «Շտապբուժօգնությունը» (67.5 մլն դրամ), «Շենգավիթ» բժշկական կենտրոնը (61.5 մլն դրամ), «Արմենիա» բժշկական կենտրոնը (55.2 մլն դրամ), Վանաձորի բժշկական կենտրոնը (54.5 մլն դրամ), Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը (53.8 մլն դրամ), Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը (44.7 մլն դրամ):
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. բնակչությանը մատուցվել է մոտ 32 մլրդ դրամի առողջապահական ծառայություն, իսկ 130 հիվանդանոցներում կատարվել է 112 հազ. վիրահատություն:



























