Արարատի մարզում նախկին փեսան մի քանի անգամ ձեռքով ու փայտով հարվածել է զոքանչին, ինչին ականատես է եղել աները եւ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է փեսայի հետույքին: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ օգոստոսի 29-ին գործը ընդունվել է վարույթ եւ որոշումը ուղարկվել է կողմերին: Ինչ վերաբերում է գործի մանրամասներին նշենք, որ 56-ամյա Արտաշ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատակից , 2012թ. հուլիսի 20-ի ժամը 17-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող իր տան բակում տեսնելով, որ դստեր նախկին ամուսինը ` Բաբկեն Բագրատյանը երեխային տեսակցելու նպատակով այցելել է իրենց տուն եւ երեխայի բացակայության պատճառով վիճաբանում, ինչպես նաեւ քաշքշում ու հարվածում է կնոջը` Ալինային, միջամտել է, վիճաբանել նրա հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Բաբկեն Բագրատյանի հետույքին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Արտաշ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել 113 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը, որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ` պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամակետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ 33-ամյա Բաբկեն Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012թ. հուլիսի 20-ին ժամը 17-ի սահմաններում երեխային տեսակցելու նպատակով այցելել է Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող նախկին կնոջ հայրական տուն, որտեղ վերջինիս մորից Ալինայից տեղեկանալով, որ նախկին կինն ու երեխան բացակայում են, չի հավատացել ու այդ առիթով սկսել է վիճաբանել նրա հետ, որի ընթացքում Բաբկենը մի քանի անգամ ձեռքով ու փայտով հարվածել է Ալինային եւ բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ` առանց վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու:
Փեսայի դեմ էլ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Հ.Գ. Նյութում նշված բոլոր անձանց անունները փոխված են:


























