Թերթի թղթակիցը զրուցել է Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու եկած Վարդան Ղուկասյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով.

«-Պարոն քաղաքապետ, կարելի՞ է ձեզ մի քանի հարց ուղղել։

-Դու վո՞վ ես աղջիկ ջան։

-«Հայկական ժամանակ» օրաթերթի ՇՄ թղթակիցը։

-Հա, հմի նոր տեղը բերեցի. Ըսե հլը, տնաշեն, ընչի՞ իմ մասին ըդքան վատ բան կգրես, մե քիչմ էլ լավ բան ըսա, էլի։ Ի՞նչ է, վա՞տ եմ շինել էս քաղաքը, ի՞նչը հեչ մեկիդ սրտովը չէ, օր էդքան կգրեք ու կգրեք, հը՞։ Լավ, ես քեզի ինտերվյու կուդամ, մենակ քեզի էքսկլյուզիվ հարցազրույց կուդամ, ըսա՝ ինչ կհետաքրքրե։

-Պարոն քաղաքապետ, ի՞նչ պատճառով չառաջադրեցիք ձեր թեկնածությանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, չէ՞ որ մինչ առաջադրման գործընթացի ավարտը խոսվում էր այն մասին, որ շրջանցելու եք ՀՀԿ-ի կայացրած որոշումը եւ հանուն գյումրեցիների առաջադրելու եք ձեր թեկնածությունը:

-Օօօօօ, ինչղ ըսեմ, ուրեմն` որոշակի ժամանակ դուրս ենք գալիս քաղաքականությունից:

-Ինչո՞ւ, դու՞ք այդպես որոշեցիք, թե՞ ձեր փոխարեն այդպես որոշել էին:

-Չէ, ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչեւ հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ:

-Բայց, պարոն Ղուկասյան, չէ՞ որ դուք ասում էիք՝ ժողովուրդը ձեզ շատ է սիրում, ու ձեր փոփոխությունը շատ ծանր կտանեն գյումրեցիները, ինչո՞ւ չառաջադրվեցիք հանուն գյումրեցիների:

-Մի քիչ համբերեք, համբերեք ու կիմանաք:

-Այսի՞նքն:

-Էդպես է ասում Աստվածաշունչը. ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք, դեռ երիտասարդ եք:

-Ձեր կարծիքով, Գյումրու քաղաքապետի թեկնածուների միջեւ ինչպիսի՞ ընտրապայքար կծավալվի, հիմնական մրցակիցները ովքե՞ր են:

-Ես ի՞նչ գիդեմ, կարո՞ղ է` գուշակ եմ, օր գուշակեմ, գնացեք էդ մասին գուշակներին հարցրեք, էղա՞վ:

-Վերջին օրերին խոսվում է նաեւ, որ ձեր թիմակիցների թիվն օրեցօր նվազում է, ըստ ձեզ՝ինչո՞վ է դա պայմանավորված:

-Իյա... Ո՞վ է ըսել, որ էդպիսի բան կա, իմ թիմակիցները իմ կողքին են»։