Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթոււր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր կշարունակվի ընտրակաշառք «բաժանած»  ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանի դատը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Դատը կանցնի արագացված ընթացակարգով։ Այդ մասին միջնորդություն էր ներկայացրել գործով ամբաստանյալ Մաթեւոսյանը՝ ընդունելով իր մեղքը։ Միջնորդությանը չէրառարկել դատախազ Հարություն Հարությունյաը, իսկ դատարանը բավարարել էր այն։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ ԲՀԿ անդամ Ա. Մաթեւոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ.Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար 15 000 եւ 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին եւ Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- գրում է «Ժամանակը»։