2012 թ. առաջին կիսամյակում առեւտրային բանկերը շարունակել են տրամադրել հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60 - 80%-ից ոչ ավելի: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության հաշվետվությունում (2012 թ. առաջին կիսամյակ): Նշվել է, որ անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը ֆինանսական կայունության տեսանկյունից նշանակալի չեն եղել:
Ըստ ԿԲ հաղորդագրության` 2012 թ. հունիսին, տարեսկզբի համեմատ, Երեւանում արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների 2.4% աճ: Ընդ որում` վերոնշյալ աճը պայմանավորվել է բոլոր վարչական շրջաններում, հատկապես` Աջափնյակում եւ Կենտրոնում (hամապատասխանաբար` 3.4%-ով եւ 3.3%-ով):
Այնուհանդերձ, 2012 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում բնակարանների միջին գները նվազել են 1.9%-ով: Գների նվազումն ուղեկցվել է բնակարանների առուվաճառքի քանակի նվազմամբ (7.9%-ով): Այդ նույն ժամանակահատվածում 5.1 տոկոսային կետով նվազել է անշարժ գույքի առուվաճառքի քանակը՝ բնակարանների մասնաբաժնի մասով:
Անշարժ գույքի շուկայի ակտիվության անուղղակի բնութագրիչներից է նաեւ հանրապետությունում իրականացված գրավադրումների քանակը, որը նվազել է 18.8%-ով:



























