Թերթի թղթակիցը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն դիտարկմանը, թե Շիրակի մարզի Փանիկ գյուղական համայնքի ընտրություններում ՕԵԿ-ի թեկնածուն «ալկաշ, բանակից փախած» մեկն է, ով գյուղապետի պաշտոնում ընտրվել է Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետի եւ տեղի ոստիկանական ուժերի քրեական սադրանքների միջոցով:

««Ես պետք է ասեմ, որ Պետրոս Մակեյանին բոլորն են ճանաչում, եւ այդ ամպագոռգոռ խոսակցություններն առաջին անգամ չէ, որ լսում ենք։ Ուղղակի պարտությունն էլ պետք է արժանապատիվ տանել, որովհետեւ իր եղբայրն է մասնակցել։ Գործող գյուղապետը, որ ՕԵԿ անդամ է եղել, նորից վերահաստատվել է իր գյուղացիների կողմից։ Իրենք թող ցավագին չտանեն, որ իրենք իրենց գյուղում էլ այնքան վստահություն չունեն, որ իրենց եղբայրը դառնա գյուղապետ։ Իսկ ինչ վերաբերում է իր արտահայտություններին, նրան բոլորն են ճանաչում եւ շատ լավ գիտեն, որ այդ գյուղապետը ոչ ալկաշ է, ոչ անգրագետ է, բավականին լավ ընտանիքի մարդ է, նրա եղբայրները դասախոսներ են եւ այլն։ Չի կարելի պարզապես ասելու համար՝ բան ասել, առավել եւս, որ մենք իրենց մասին ավելի շատ բան ունենք ասելու»,- պատասխանել է Հ. Բիշարյանը՝ հավելելով, որ ինքը չի ուզում իջնել Մակեյանի մակարդակին»,- գրում է «168 ժամը»: